ArmLur.am-ը սոցցանցի փակ խմբերից մեկում նկատել է, որ քաղաքացիներից մեկը տեղադրել է պաղպաղակի լուսանկար և կից գրել՝ «Yerevan kat սա ի՞նչ է, դուք լրիվ ձեզ կորցրել եք։ Ճիճուն ինչ գործ ունի պաղպաղակի մեջ։ ԴՈՒՔ ՓՆԹԻ ԵՔ»:
Խմբում խնդիրը բարձրաձայնող Լիանան ArmLur.am-ի հետ զրույցում պատմեց, որ իրենք Գյումրիից են, և պաղպաղակը գնվել է հենց այնտեղի խանութից:
«Պաղպաղակը երեկ գնել են երեխաներս, Գյումրի քաղաքից, ես պաղպաղակը հետ տարա խանութ, վաճառողը տեսավ, չորացրած որդ էր մեջը: Աղջիկներս երկուսնն էլ համ շատ վախկոտ են համ զզվող: Երեկվանից մեծ աղջկաս վրա դուրս է տվել:
Սննդի տեսչության ոլորտում բացարձակ բարդակ է տիրում, ոչ մի բանին հետևող չեն: Եղել է, որ կաթնամթերք ենք գնել՝ բորբոսնած»:
ArmLur.am-ի հետ զրույցում ՍԱՏՄ իրազեկման բաժնի պետ Անուշ Հարությունյանը, անդրադառնալով թեմային, ասաց, որ իրենք չեն կարող գործին ընթացք տալ, քանի դեռ քաղաքացին չի ասում, որտեղից են դա գնել:
ArmLur.am-ը նաև փորձեց կապ հաստատել Երևան կաթ ընկերության աշխատակիցների հետ, սակյան մեր զանգերը մնացին անպատասխան:
Էմմա Մարտիրոսյան