ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ «ԱՐՄԱՎԻՐ» ՔԿՀ ԽՑԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ «Արմավիր» ՔԿՀ-ի 6-րդ մասնաշենքի 27, 28, 36, 39, խցերում խուզարկություն է սկսվել։

 

Դիմեցինք քրեակատարողական ծառայություն, որտեղից ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նովիկյանը հայտնեց. «ՀՀ ԱՆ բոլոր քրեակատարողական հիմնարկներում պարբերաբար իրականացվում են խուզարկություններ՝ ազատազրկված անձանց մոտից բջջային հեռախոսներ, կտրող-ծակող առարկաներ եւ այլ արգելված իրեր հայտնաբերելու համար»։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը ներկայացրել է հունիս ամսվա հաշվետվությունը. հաղորդարության մեջ ասվում է.

«ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների եւ արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման եւ ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու եւ կանխելու ուղղությամբ։

Ըստ այդմ՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի հատուկ նշանակության բաժնի, օպերատիվ վարչության, նույն վարչության տարածքային բաժինների եւ քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2024 թվականի հունիսի ընթացքում ազատազրկված անձանց համար բերված հանձնուքներից, ծանրոցից, տեսակցությունների եկած քաղաքացիների անձնական զննությամբ, ներնետված, ինչպես նաեւ խցերում, խորդանոցում, տաղավարում, արհեստագործական սենյակում եւ բնակելի գոտու այլ հատվածներում պատրաստված թաքստոցներից հայտնաբերել են 52,27 գրամ թմրամիջոցների նմանվող զանգվածներ, 105 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 99 պարագա, 9 wi-fi սարք, 14 կտրող-ծակող առարկա, 88,5 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք եւ արգելված այլ իրեր։

Թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են համապատասխան վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ»։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության կողմից ստացված տեղեկություններն իրացնելով՝ նույն վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները զննության էին ենթարկել կալանավորված անձ Ռ.Ս.-ի մոտ կարճատեւ տեսակցության եկած քաղաքացի Վ.Ն.-ին։

Արդյունքում՝ ծառայողները հայտնաբերել էին քաղաքացու մարմնում թաքցված փաթեթ, որում առկա էին եղել հերոին եւ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներին նմանվող, համապատասխանաբար՝ 3.34 եւ 2.3 գրամ քաշերով առանձնացված զանգվածներ։

Վ.Ն.-ն ձերբակալվել էր օպերատիվ ծառայողների կողմից եւ հայտնաբերվածների հետ ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

 

 

ԱԱԾ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿՑԻ ԵՆ ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ

Shamshyan.com-ը գրել էր, որ հուլիսի 6-ին դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Չարենցի փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկի բնակարաններից մեկում հայտնաբերել են արնանման հետքեր եւ դանակ: Մինչ ոստիկանների ու պարեկների՝ դեպքի վայր ժամանելը, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին եւս ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկաններն ու պարեկները տեղում պարզել են, որ քաղաքացին նշված հասցեից է տեղափոխվել հիվանդանոց եւ նա Նոր Հաճնի բնակիչ 64-ամյա Վահան Հ.-ն է, որը, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, ԱԱԾ նախկին աշխատակից է:

Դանակահարողը Նոր Հաճնի բնակիչ 31-ամյա Հարություն Դ.-ն է, ով հաշվառված է «ԱրՄեդ» հոգեբուժական եւ նարկոլոգիական ռեգիստրում: Ի դեպ, երբ ոստիկանները նրան փորձել են ձերբակալել, նա դիմադրություն է ցույց տվել, հարվածել է ոստիկաններից մեկին։

Ինչեւէ, հաջողվել է նրան ձերբակալել եւ դատարանի որոշմամբ՝ նա արդեն կալանավորված է:

 

 

ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱԿԻ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ԴԵՊՔԸ

«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել Աջափնյակի դատարանի բակում «Շենգավիթի Սահակ» անունով հայտնի՝ Սահակ Վարդանյանի վրա կրակելու տեսաձայնագրությունը, թե ինչպես է նա դատարանից դուրս գալիս, եւ ինչպես են փորձում նրան սպանել:

2023 թվականի հոկտեմբերի 18-ին՝ ժամը 14:55-ի սահմաններում, Ռաֆայել Փալանջյան Երեւան քաղաքի Նազարբեկյան թաղամաս 40 հասցեում գտնվող Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ-1 նստավայրի վարչական շենքի ավտոկայանատեղիում ապօրինի կերպով կրած, ինքնաշեն եղանակով ձեւափոխված «ըՈռՍՈս-442» մոդելի, հրազեն հանդիսացող ատրճանակի գործադրմամբ փորձել էր ապօրինաբար կյանքից զրկել Սահակ Յուրիկի Վարդանյանին, սակայն իր դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը, իր կամքից անկախ հանգամանքներով, չի իրագործվել:

Իսկ ով էր Սահակ Յուրիկի Վարդանյանը:

Վերջինս հիշյալ օրը դատարան էր գնացել իրեն վերաբերող գործի քննությանը մասնակցելու համար։ Ըստ այդ գործի՝ Վարդանյանը մեղադրվում է սպանության փորձ պարտակելու մեջ, նրա հետ մեղադրյալի աթոռին է նաեւ սպանության սպառնալիք հնչեցնելու եւ սպանության փորձի մեջ մեղադրվող Արմեն Մանուկյանն ու եւս մեկ անձ՝ Արթուր Դավթյանը, որը մեղադրվում է սպանության փորձ պարտակելու մեջ։

Սահակ Վարդանյանը հայտնի է «Շենգավիթի Սահակ» անունով։ Բացի այս արարքից՝ Վարդանյանը 2018 թվականին մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել նաեւ ապօրինի զենք կրելու համար։

Ըստ նախաքննական մարմնի՝ նրան սպանել ցանկացող մեղադրյալ Ռաֆայել Փալանջյանի կալանքի ժամկետն առաջիկայում լրանում է, տեսնենք, թե ինչ կսպասվի նրան:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԿԵՂԾԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔ

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները հուլիսի 8-ին Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել եւ բաժին են տարել 42-ամյա Կարինե Պ.-ին: Նա 2023 թ. օգոստոսի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) մեղադրանքով:

Խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը:

 

 

ՓՈՐՁԵԼ Է ԿՅԱՆՔԻՑ ԶՐԿԵԼ ՔՐՈՋ ԱՄՈՒՍՆՈՒՆ

2024 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 07։14-ին, Աստղիկ Բ/Կ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ դանակահարվելու հետեւանքով՝ որովայնի շրջանի կտրած վերք ախտորոշմամբ շտապօգնության խմբի կողմից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նշված անձի, ինչպես նաեւ վերջինիս հիշյալ մարմնական վնասվածքը պատճառած անձի ինքնությունը, ովքեր Երեւանի բնակիչներ են՝ ծնված 1963թ.։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախաձեռնել է քրեական վարույթ։

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական եւ վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2024 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 06։30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Վանթյան փողոցում գտնվող տանը 61-ամյա տղամարդը, կյանքից զրկելու դիտավորությամբ, դանակով հարվածել է քնած վիճակում գտնվող՝ քրոջ ամուսնու կրծքավանդակին, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներում հանցանքն ավարտին չի հասցրել. քույրը եւ վերջինիս ամուսինը արթնացել են եւ դանակը ձեռքից վերցրել։

Քրեական վարույթի շրջանակում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել է հանցագործության գործիք դանակը, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 61-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է:

 




Լրահոս