ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ստեփան Դանիելյանի հետ՝ քննարկել հայ-թուրքական հարաբերությունները:

 

-Պարո՛ն Դանիելյան, օրերս՝ տարի ընդմիջումից հետո, հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեղավ Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների՝ Ռուբեն Ռուբինյանի եւ Սերդար Քըլըչի հանդիպումը։ Կողմերը արդյունավետ են գնահատել հանդիպումը, Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Երեւանն ու Անկարան պայմանավորվել են գնահատել տեխնիկական կարիքները՝ Ախուրիկ-Աքյակա երկաթուղային սահմանային անցումը գործարկելու համար, ինչպես նաեւ փոխադարձաբար հեշտացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար:  Ամփոփելով հանդիպման մասին կողմերի արձագանքները՝ ինչպե՞ս կգնահատեք Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը, ի՞նչ տվեց այն։

-Առաջինը, ինչ կարող եմ ասել, այն է, որ Ադրբեջանը խոչընդոտում է, որ հայ-թուրքական հարաբերություններ հաստատվեն, ամեն դեպքում՝ Ադրբեջանից եւ Թուրքիայից հնչող հայտարարությունների մեջ կան հակասություններ։ Թուրքիայում ասում են, որ շուտափույթ խաղաղության պայմանագիր պետք է կնքվի, իսկ Ադրբեջանը դրա համար լրացուցիչ պայմաններ է դնում Հայաստանի առաջ, որոնց կատարման համար երկար ժամանակ է պետք, ըստ էության՝ Ադրբեջանում չեն ուզում, որ խաղաղության պայմանագիրը կնքվի հիմա, սա ի ցույց է դնում Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ եղած հակասությունները։

-Այստեղ մի ուշագրավ դրվագ էլ կա, որ հանդիպումից ընդամենը օրեր առաջ Էրդողանը ինքնախոստովանական հայտարարությամբ է հանդես գալիս, որ Թուրքիայի բանակը ակտիվ մասնակցություն է ունեցել արցախյան 44-օրյա պատերազմին։

-Էրդողանն այդ հայտարարությունն արել է կուսակցական փակ հավաքի ժամանակ, այսինքն՝ դա հրապարակային չի եղել, այդ փակ հավաքից հայտարարությունը դուրս է եկել. սա շատ կարեւոր պահ է։ Նրա հայտարարությունն ուղղված է եղել Իսրայելի դեմ, թե, նայեք՝ ինչպես Լիբիայում եւ Ղարաբաղում մեզ պահեցինք, նույն ձեւով էլ կարող ենք Իսրայելում դրսեւորել։

Ես Էրդողանի հայտարարությունը չէի կապի հայ-թուրքական սահմանին տեղի ունեցած հանդիպման հետ:

-Պարո՛ն Դանիելյան, այսօր ամերիկյան կողմից մի ուշագրավ հայտարարություն  է հնչել։ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’ Բրայենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դիտարկում է ՌԴ-ն եւ Չինաստանը շրջանցող առեւտրային երթուղի ստեղծել՝ Հայաստանով եւ Ադրբեջանով։ Ի՞նչ կասեք այս մասին:

-Այդ հայտարարություններին արդեն կարելի է չհետեւել, քանի որ երկար ժամանակ նման հայտարարություններ արվել են, բայց դրանք ոչինչ չեն փոխում։ Նպատակն ակնհայտ է՝ այս ամենն ուղղված է Իրանի ու Ռուսաստանի դեմ, դրա համար օգտագործում են Հայաստանը։ Այստեղ ինչն է հետաքրքիր, որ առաջին շահառուն պետք է լիներ Ադրբեջանը, բայց խոչընդոտում է դրան։

-Ինչո՞ւ է խոչընդոտում։

-Երկու պատճառով, առաջին, որ, երեւի պայմանավորվածություններ ունի Ռուսաստանի հետ, ինչպես նաեւ մտահոգություններ կան, ու չի ցանկանում նման քայլերով կոնֆլիկտներ ստեղծել Ռուսաստանի հետ։ Մյուս կողմից մտահոգություններ ունի նաեւ Իրանի հետ կապված, քանի որ Իրանը դեմ է այդ ճանապարհի բացմանը։ Այս առումով Ադրբեջանն ունի փակ պարտավորություններ եւ  պարտավորություններ այդ երկու երկրներ հետ։

-Իսկ ըստ Ձեզ՝ ի՞նչ նկատի ունի ԱՄՆ-ն՝ նոր երթուղի ասելով, ի՞նչ ճանապարհ է այն լինելու ու ի՞նչ է «տալու կամ վերցնելու» Հայաստանից։

-Իմաստը հետեւյալն է՝ կա ճանապարհ նաեւ Վրաստանով, բայց Վրաստանն ինքնիրույն քաղաքականություն է վարում եւ այդ ճանապարհը տնտեսական նշանակություն ունի, իսկ Հայաստանով ճանապարհը ունի ռազմական նշանակություն եւ դրանով արեւմտյան ու թուրքական զենք ու զինամթերք է գնալու դեպի Ադրբեջան

-Այսինքն՝ Հայաստանը կարող է դառնալ նոր պլացդա՞րմ։

-Այո, թուրքական աշխարհի համար, հովանավորն Արեւմուտքն է լինելու, իսկ նպատակը Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի դեմ է ուղղված. սա է ամբողջ հարցը:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

ՌԱԶՄԱԿԱՆ ՀՌԵՏՈՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԽԱՆԳԱՐՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔ

Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում Բաքվին եւ Երեւանին էսկալացիայից խուսափելու համար ցուցաբերել զգուշություն, խուսափել ռազմական հռետորաբանությունից, կենտրոնացնել ջանքերը՝ գտնելու փոխընդունելի լուծումներ, որոնք կնպաստեն տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ու զարգացմանը։

 

Այս մասին՝ հուլիսի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը՝ ընդգծելով, որ ՌԴ-ն հանդես է գալիս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բոլոր վիճահարույց հարցերի շտկման տեսանկյունից՝ բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։

Պաշտոնյան նշել է նաեւ, որ դրան հասնելու համար  ճանապարհային քարտեզ է համարվում եռակողմ ձեւաչափի վերագործարկումը՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ։

Անդրադառնալով հայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձին վերաբերող հարցին՝ ռուս պաշտոնյան նշել է՝ քանի որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կրում է ձգձգված բնույթ, երկարամյա դիմադրության արդյունքում երկու կողմերից էլ հազարավոր փախստականներ ու տեղահանվածներ կան։

«Ռուսաստանը հետեւողականորեն հանդես է գալիս երկու երկրների միջեւ ամուր խաղաղության հաստատման համար։ Եռակողմ պայմանավորվածությունները հենց այդ միտումն ունեն՝ նախատեսում են փուլային լուծում առավել բարդ խնդիրների, այդ թվում՝ սոցիալ-հումանիտար ուղղվածության, երկխոսության գործարկում քաղաքացիական հասարակությունների միջեւ։ Խոսքը միայն փախստականների մասին չէ, այլեւ հուշակոթողների ավերումը թույլ չտալու»,- ասել է Նաստասինը։

 

 

«ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՐԵՍ ԴԱՐՁՐԵՑ ՀՀ-ԻՑ». Օ՛ ԲՐԱՅԵՆ

2020-ի պատերազմից երկար տարիներ առաջ եւ դրանից հետո ՌԴ-ն ՀՀ-ի անվտանգության երաշխավորն էր, սակայն նա ձախողեց, թիկունք դարձրեց, երբ Ադրբեջանը վերագրավեց Լեռնային Ղարաբաղի  շուրջ տարածքները: Այս մասին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձանաժողովի Եվրոպայի եւ տարածաշրջանային անվտանգության համագործակցության ենթահանձնաժողովի նիստում ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը։

«Դա հանգեցրեց հարաբերությունների խիստ խզման, Հայաստանի բնակչության մեծ մասը ցանկանում է ավելի հեռվանալ ՌԴ-ից: Իսկ մենք պայմաններ ենք ստեղծում, որ դա տեղի ունենա»,- ասել պետքարտուղարի օգնականը:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է Հայաստանի համար հնարավոր դարձնել խիզախ քայլերի դիմելը, դեպի որոնց առաջնորդում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը. խոսքը ՌԴ-ի հետ հարաբերությունների խզման մասին է:

«Հայաստանն այն թեման է, որին ԱՄՆ-ն շատ ժամանակ է տրամադրում: Մի քանի ամիս առաջ հանդիպել ենք վարչապետ Փաշինյանի հետ եւ հաստատել ՌԴ-ից ՀՀ-ից կախումը նվազեցնելու նոր հարթակ: Հայաստանը գրեթե ամբողջովին՝ տնտեսապես եւ էներգետիկայի առումով կախված է ՌԴ-ից: Մենք պետք է դիվերսիֆիկացնենք դա»,- ասել պետքարտուղարի օգնականը:

 

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Էրդողանի` Արցախ ներխուժելու հետ կապված թեման ակտիվ դիսկուրսի առիթ դարձավ, եւս մի քանի դիտարկում»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Թուրքիան ոչ միայն ուղիղ ներգրավվածություն ուներ 44-օրյա պատերազմին, այլ հետագայում ռազմական ներկայություն ապահովեց Արցախի օկուպացված շրջաններում:

Արտաքուստ Թուրքիայի առկայությունը ներկայացվում էր Աղդամում տեղակայված ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնով, սակայն դա թուրքական զորքերի ներկայության ֆորմալ հատվածն էր:

2020 թվականի պատերազմից հետո Թուրքիան «Կոմանդո» ջոկատներ էր տեղակայել Շուշիի եւ Քաշաթաղի հատվածներում, որոնք, այսպես կոչված, արագ արձագանքման գործառույթներ ունեին:

Թուրքական ջոկատներն ակտիվ մասնակցություն են ունեցել նաեւ 2023 թվականի սեպտեմբերյան հարձակման ժամանակ… », – գրել է նա։

 




Լրահոս