Ոչ մի առաջընթաց` ԱՄՆ և ՌԴ բանակցություններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ Ուկրաինային վերաբերող բանակցություններում առաջընթացի բացակայության մասին. հաղորդում է Ամերիկայի ձայնը:

Քերրին ընդգծել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կարևորում են Ուկրաինայի ճգնաժամի քաղաքական կարգավորման համար ուղիներ փնտրելու անհրաժեշտությունը: Սակայն, նրա խոսքով, ԱՄՆ-ն շարունակում է Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիան գնահատել իբրև «ապօրինի» և «ոչ լեգիտիմ»:

Նրա խոսքով՝ Ուկրաինայի վերաբերյալ ոչ մի որոշում չի կայացվելու՝ առանց Ուկրաինայի նոր իշխանությունների մասնակցության: Իր հերթին, Սերգեյ Լավրովը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Մոսկվան և Վաշինգտոնը մտադիր են համագործակցել Կիևի իշխանությունների հետ` Ուկրաինայի ռուսալեզու բնակչության շահերի պաշտպանության և «անկանոն ուժերի» զինաթափման ուղղությամբ:

Դեռևս իր ամերիկացի գործընկերոջ հետ հանդիպման նախօրեին Լավրովը հայտարարել էր, թև Ռուսաստանը մտադիր չէ զորք ուղարկել Ուկրաինայի տարածք: Միաժամանակ, նա հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել ռուսալեզու բնակչության շահերը ցանկացած եղանակով, այդ թվում` դիվանագիտական, քաղաքական և իրավաբանական:




Լրահոս