ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ այցերը շարունակվում են. մարզերում քաղաքացիների սպասարկումն առավել հասանելի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ այցն այս անգամ Լոռու մարզում էր։ Այս ձևաչափի նպատակը մեկն է՝ քաղաքացիների համար հասանելի ու հարմարավետ դարձնել մատուցվող ծառայությունները։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցները շրջում են համայնքներով, գյուղերով՝ փորձելով սպասարկել հնարավորինս շատ քաղաքացիների։

«Շրջիկ ծառայություն իրականացրել ենք տարբեր մարզերում. եղել ենք Արմավիրի մարզում, Կոտայքի մարզում, իսկ վերջերս եղել ենք Լոռու մարզում։ Մեզ հետ տանում ենք տեխնիկական կապի միջոցներ, համապատասխան ձևաթղթեր, որպեսզի քաղաքացիներին մատուցվող ծառայություններն ավելի մատչելի ու արդյունավետ լինեն»,- ներկայացնում է ՄՔԾ անձնագրային աշխատանքների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Թամարա Շանոյանը:

Անձնագրի փոխանակում, առաջին անգամ անձնագրավորում, հաշվառման դիմումներ, ԼՂ-ից բռնի տեղահանված անձնանց խորհրդատվություն և քաղաքացիության դիմումների ընդունում. սրանք են սպասարկման հիմնական ուղղությունները։

Շրջիկ ծառայության մեկնարկից մինչ օրս ստացվել են անձնագրի փոխանակման շուրջ 350 և քաղաքացիություն ստանալու վերաբերյալ մի քանի տասնյակ դիմում։ Ամենաշատ դիմումները ստացվել են Արմավիրի մարզի Արաքս, Կոտայքի մարզի Գառնի և Լոռու մարզի Ստեփանավան բնակավայրերից։

Անձը հաստատող փաստաթղթերի թողարկման վարչության պետ Աննա Մակարյանի խոսքով՝ «Մարզերն ամբողջությամբ ավարտելուց հետո ծառայությունը կլինի ըստ պահանջարկի։ Որ համայնքում քաղաքացիների պահանջարկ լինի, այդ համայնք էլ կմոտենա շրջիկ ծառայությունը»։

ՆԳՆ բարեփոխումների շրջանակում մատուցվող ծառայությունների որակի բարելավումն առաջնահերթություն է։ Դրական են նաև քաղաքացիների արձագանքները։ Շրջիկ ծառայության այցերի մասին քաղաքացիները իրազեկվում են տեղական ինքնակառավարման մարմիններից։

Հաջորդը կսպասարկվեն Շիրակի մարզի բնակիչները՝ ստանալով արագ և որակյալ ծառայություններ։




Լրահոս