Նախնական հաշվարկներով՝ 100-130 գլուխ մայրացու ոչխար է տուժել․ Վարդենիս համայնքի ղեկավարի տեղակալը՝ գայլերի հարձակման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նախնական հաշվարկներով՝ 100-130 գլուխ մայրացու ոչխար է տուժել»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասել է Վարդենիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանը։

Հոկտեմբերի 17-ին՝ առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում, Վարդենիս խոշորացված համայնքի Շատվան բնակավայրի բնակիչ Մանվել Հակոբյանը, մտնելով իրենց պատկանող անասնագոմ, հայտնաբերում է իրեն պատկանող մոտ 100-ից ավելի մայրացու ոչխարներին և գառներին՝ սատկած:

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը իր հետ զրույցում Մ. Հակոբյանն ասում էր.

«Սովորության համաձայն ամեն առավոտ էս ժամին մտնում եմ գոմ, որպեսզի զբաղվեմ գառների խնամքով՝ արածեցնել, կեր տալ, ու ճիշտն ասած մտքովս չէր անցնի, որ հնարավոր է՝ գայլերի կողմից նման սպանդ իրականացվեր: Սա 1 կամ 2 գայլի բան չի, վարկ ենք վերցրել ու զբաղվում էինք էս գործով ու հիմա չգիտենք՝ ում դիմենք: 200-ից ավելի մայրացու ոչխարներ ու գառներ կան, 100-ից ավելիին հոշոտել են, մի քանիսն էլ վիրավոր են. էդ վիրավորները հաստատ չեն ապրի: Երևի նման բան անգամ երազում չէի տեսնի: Ուզում եմ հավատալ, որ Գեղարքունիքի մարզպետարանը, ինչի չէ՝ նաև Կառավարությունը օգնության ձեռք կմեկնեն. մեր ընտանիքի ապրուստի միջոցն էր սա, չհաշված հազիվ ծերը ծերին հասցնում, վարկերն էինք փակում. հիմա բանկը գոնե մի 2 տարով վարկերը սառեցնեն, մինչև տեսնեմ՝ գլխիս ինչ է գալիս»:

ArmLur.am-ը զրուցել է Վարդենիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալի Կարեն Մկրտչյանի հետ։ Նրա խոսքով հանձնաժողով է ստեղծվել, որը Ներքին գործերի փրկարար ծառայության հետ միասին հաշվարկում է քաղաքացուն հասցրած վնասը։

Ավելի ուշ պարզ կդառնա, թե հստակ քանի մայրացու ոչխար է հոշոտվել և մոտավոր որքան ՀՀ դրամ է կազմում տույժը։ Նախնական հաշվարկներով՝ 100-130 գլուխ մայրացու ոչխար է տուժել։

Էմմա Միքայելյան




Լրահոս