Դատախազը 2024 թվականի հոկտեմբերի 17-ին հաստատել է սպանության փորձ կատարելու և ապօրինի կերպով հրազեն պահելու մեջ մեղադրվող Ա.Ս.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, որ 2023 թվականի օգոստոսի 8-ին Ա.Ս.-ն, տեղեկանալով, որ իր հորը՝ Ռ.Ս.-ին, տարիներ առաջ սպանած Վ.Գ.-ն Աշտարակ քաղաքում գտնվող սրճարաններից մեկում է, նրան սպանելու նպատակով նույն օրը՝ ժամը 21:30-ի սահմաններում, գնացել է նշված սրճարանի ավտոկայանատեղի ու թաքնվել: Երբ Վ.Գ.-ն ժամը 22:00-ի սահմաններում մոտեցել ու նստել է ավտոմեքենան, Ա.Ս.-ն իր մոտ ապօրինի պահվող ու դեռևս չհայտնաբերված հրազենով չորս անգամ կրակել է Վ.Գ.-ի ուղղությամբ:
Հանցագործությունն ավարտին չի հասցվել: Կրակված գնդակներն աննշան շեղությամբ չեն դիպել Վ.Գ.-ին: Ա.Ս.-ն դեպքի վայրից դիմել է փախուստի:
Դատախազը 2024 հոկտեմբերի 3-ին Ա.Ս.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, փամփուշտ ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մեղադրյալ Ա.Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոցներ էին կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը:
Դատախազի ներկայացրած հատուկ վերանայման բողոքը 2024 թվականի հոկտեմբերի 10-ին բավարարվել է: Ա.Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է կալանքը:
2024 թվականի հոկտեմբերի 17-ին վարույթի նյութերը հաստատված մեղադրական եզրակացությամբ հանձնվել են իրավասու դատարան: