Մարզպետը խաբել է վարչապետին և քաշքշուկ սարքել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթ-ը գրում է. «Կառավարության դեկտեմբերի 5-ի նիստի ժամանակ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց, որ մարզի Վարդենիկ համայնքում արդեն ունեն սառնարանային տնտեսություն, որը համայնքապատկան է, եւ համայնքապետարանը տալիս է գյուղի տնտեսվարողներին, որոնք իրենց մթերքը պահպանում են այնտեղ, որը եւ շահույթ է բերելու համայնքին:

Մեզ հետաքրքրեց, թե դա ինչ սառնարանային տնտեսություն է, ովքեր են օգտվում, որքան շահույթ է ստանում համայնքը: Վարդենիկցիները մեզ ասացին, որ ոչ մի համայնքապատկան սառնարան էլ չի գործում: Թե ինչու է մարզպետ Կարեն Սարգսյանը խաբել վարչապետին, դժվար է ասել: Գուցե դա վարչապետին հաճոյանալու նոր ձե՞ւ է: Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանից հետաքրքրվեցինք, թե Վարդենիկում քանի սառնարան է գործում, գործո՞ւմ է արդյոք համայնքապատկան սառնարան։

«Մենք տեղեկացրել ենք, որ համայնքում կան սառնարաններ, կառավարության նիստում շփոթմունք է առաջացել: Համայնքում կան մի քանի սառնարաններ, այդ թվում՝ Հարություն Մկոյանին պատկանող սառնարանը, որոնք արդեն գործում են: Խնդիրն այդտեղից է առաջացել` անհատ ձեռներեցների կողմից գործող սառնարանն է մարզպետը ներկայացրել վարչապետին, իսկ համայնքապատկան սառնարանն այս պահի դրությամբ չի գործում: Հոսանքի միացման ու փոքր խնդիրներ ունի, շուտով կգործի»:

Կառավարության նիստից հետո մարզպետը մարզպետարանի գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանին ուղարկել է Վարդենիկ, որ ինֆորմացիա բերի սառնարանի մասին: Պարզվել է, որ համայնքապատկան սառնարանը չի աշխատում, գործում են միայն անհատ ձեռներեցների սառնարանային տնտեսությունները: Մարզպետը «շփոթել» է եւ կառավարության նիստում վարչապետին ասել, որ համայնքապատկան սառնարանն արդեն գործում է:

Մեր տեղեկություններով՝ մարզպետն ավելի ուշ, որպեսզի իր սխալը ծածկի, կանչել է մարզպետարանի գյուղվարչության պետ Մարտին Պետրոսյանին, մեղքը բարդել նրա վրա, ստիպել, որ ազատման դիմում գրի, գնա: Այս ամենով էլ չի բավարարվել` իր աշխատասենյակում, ըստ մեր տեղեկությունների, քաշքշել է, անպատվել, անգամ հեռախոս է նետել գյուղվարչության պետի եւ ներկաների ուղղությամբ:

Մարզպետի աշխատասենյակում ներկա է եղել նաեւ Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, որը մեզ հետ զրույցի ընթացքում փորձեց ժխտել այս միջադեպը` ասելով, որ նման բան չի եղել, ինքն էլ մասնակից չի եղել: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին հարցրինք իր աշխատասենյակում տեղի ունեցած միջադեպի մասին։ «Անկեղծ, էնպիսի սուտ բան եք ասում, սուտ չասեմ, կներեք, էդձեւ չձեւակերպեմ, բայց այնպիսի բան եք ասում, որ չգիտեմ ոնց պատասխանեմ, էդպիսի բան գոյություն չունի (ծիծաղում է):

– Քաշքշուկ, ծեծկռտուք է եղել, անպատվել եք գյուղվարչության պետին, միջանցքում կանգնած մարդիկ են եղել, մեզ պատմել են, որ բղավել եք, անգամ հեռախոս եք նետել վարչության պետի վրա:

– Լսեք, ես 3 տարուց ավելի մարզպետ եմ աշխատում, դեռ իմ աշխատասենյակում որեւէ միջադեպ չի եղել:

– Դե, հո չէի՞ք ասելու, որ եղել է:

– Ամբողջ մարզպետարանում տեսահսկման սարքեր են տեղադրված, եթե հանկարծ նմանատիպ ինչ-որ բան լինի, կարող եք դիմել իրավապահ մարմիններին, կտրամադրեն տեսաձայնագրությունը, հիմա դուք իմ ասածին չե՞ք հավատում:

– Այսինքն՝ Դուք Ձեզ հսկո՞ւմ եք` Ձեր աշխատասենյակում տեսախցի՞կ կա տեղադրված:

– Իմ աշխատասենյակում տեղադրված չի, իմ ընդունարանում եւ միջանցքներում է տեղադրված:

– Բայց դեպքը հենց Ձեր աշխատասենյակում է տեղի ունեցել:

– Զարմանում եմ, թե որտեղից եք էդ լուրերը լսել:

– Մի զարմացեք` այդ միջադեպի մասին ողջ Գավառն ու Մարտունին են խոսում:

– Ես ապրում եմ Մարտունիում, աշխատում եմ Գավառում, ո՞նց եղավ, որ ես էդպիսի բան չգիտեմ, դուք իմացաք դրա մասին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:




Լրահոս