Սեռով պայմանավորված աբորտները լուրջ խնդիր կարող են դառնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սեռով պայմանավորված աբորտները շատ անհանգստացնող բնույթ են կրում»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ Առողջապահության նախարարության մայրության և վերարտադրության բաժնի պետ Գայանե Ավագյանը՝ հավելելով, որ այս տարի, բարեբախտաբար, սեռով պայմանավորված աբորտներ ավելի քիչ են եղել. եթե նախորդ տարիներին 100 աղջկա դիմաց ծնվել է 120 տղա, ապա այս տարի այդ համամասնությունը 100-114 է:

«Սեռով պայմանավորված աբորտները տասը-տասնհինգ տարի հետո լուրջ խնդիր կարող են դառնալ ՝  հատկապես ժողովրդագրական վիճակագրության տեսանկյունից: Այդ է պատճառը, որ ապագա ծնողներին հորդորում ենք չհեռացնել առողջ աղջիկներին: Իհարկե, ունեցեք տղաներ, բայց ոչ աղջիկների հաշվին:

Ելքերից մեկը մենք տեսնում ենք սեռի մասին ինֆորմացիա չտալու մեջ, սակայն նման օրենք դեռևս չկա: Միաժամանակ, չեմ կարծում, որ արգելքով կարող ենք փոխել մարդկանց որոշումը»,- ասաց Գայանե Ավագյանը ՝  հավելելով, որ հայ յուրաքանչյուր ընտանիք, միջինացված հաշվարկով, ունի 1,7 երեխա, սակայն արվում է ամեն բան՝ այդ թիվը 2 և ավելիի հասցնելու ուղղությամբ:

Ամփոփելով՝ ոլորտի ներկայացուցիչը նշեց, որ հետազոտությունները ցույց են տվել՝  երկու տարում Հայաստանում չի ծնվում յոթ հազար աղջիկ:

Եթե այս միտումները շարունակեն, ապա 2060 թվականին մեր երկրում չի ծնվի 75 հազար աղջիկ, ինչը երկու տարիների ընդհանուր ծնունդների թվաքանակն է:

Անի Ղազարյան




Լրահոս