Շուրջ 1 շաբաթ է, ինչ չի հաջողվում մարել Կալիֆորնիայում բռնկված հրդեհը: Ավելի քան 30 հազար մարդու հորդորել էին լքել իրենց տները:
Հրդեհը սկիզբ է առել անտառներից, այնուհետև հասել մարդկանց տներին: Այս օրերին ԱՄՆ-ն կրել է ավելի քան 60 մլրդ դոլարի վնաս:
Զոհերի թիվը հասել է 24-ի, իսկ 16 հոգուց ոչ մի լուր չկա, և այս թիվը կարող է աճել։ Հրդեհների հետևանքով հոլիվուդյան մի քանի աստղեր արդեն կորցրել են իրենց տները, այդ թվում՝ Էնթոնի Հոփքինսը, Փերիս Հիլթոնը, Բիլի Քրիսթալը և Մել Գիբսոնը։
Լոս Անջելես քաղաքում բռնկված խոշոր հրդեհից այրվել է նաև ԱՄՆ-ի «Սահակ-Մեսրոպ Հայ Քրիստոնյա» դպրոցի շենքը:
Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարել։
Նախագահ Ջո Բայդենը հայտարարության մեջ ասել է, որ հետևում է զարգացումներին և առաջարկել է ցանկացած դաշնային օգնություն, որն անհրաժեշտ է սարսափելի հրդեհը մարելու համար:
Աղետալի իրավիճակին անդրադարձել են նաև մի շարք հայ հայտնիներ, ովքեր բնակվում են Ամերկայի Միացյալ Նահանգներում։ Նրանք իրենց սոցիալական էջերում կիսվել են իրավիճակով:
Օրեր առաջ եղան խոսակցություններ, թե հրդեհը հասել է Հոլիվուդի բլուրներ, սակայն ավելի ուշ պարզվեց, որ սա կեղծ տեղեկատվություն էր:
Քամին գնալով ուժգնանում է, և հրդեհը սպառնում է տարածվել դեպի խիտ բնակեցված Սան Ֆերնանդո հովիտը, որտեղ ապրում է մոտ 1,8 միլիոն մարդ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Մարտիրոսյան