Հայաստանի իշխանությունը դիվանագիտական շփումներում, դիվանագիտական օրակարգում է մշտապես պահում Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի հարցն ու շարունակելու է այդ ուղղությամբ ջանքերը:
Այս մասին վստահեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին՝ Բաքվում հայ գերիների կեղծ դատավարության վերաբերյալ:
«Այն տեղեկությունները, որոնք մենք իմացանք և այն տեսարանները, որ մենք տեսանք, մտահոգիչ են: Բայց պետք է արձանագրեմ, որ մենք այս իրավիճակին մոտենում ենք առաջին հերթին չվնասելու տրամաբանությամբ: Մեր դիվանագիտական շփումներում, մեր դիվանագիտական օրակարգում այդ հարցը մշտապես ներկա է: Եվ շարունակելու ենք այդ ուղղությամբ մեր ջանքերը, որ հասնենք արդյունքի: Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն ու արդյունքին միտված աշխատանք իրականացնելն է»,–ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորի քննադատությանը՝ սրտացավ ու նախանձախնդիր վերաբերմունք չցուցաբերելու վերաբերյալ, վարչապետը հավաստիացրեց. «Ես հիմա կարող եմ Ձեր ասած հայրենասիրական էմոցիաները բավարարող հայտարարություն անել: Բայց այդ հայտարարության ազդեցությունն ու հետևանքներն այդ մարդիկ զգալու են բանտում իրենց մաշկի վրա»: