Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել իր ներկայացրած նոր ծրագրի վերաբերյալ: Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Այսօր պաշտոնապես շրջանառության մեջ դրեցի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծի հիմնական նպատակն է՝ էականորեն նվազեցնել ճանապարհային երթեւեկության մի շարք կանոնների խախտման համար նախատեսված տուգանքի չափերը: Խոսքը այն խախտումների մասին է, որոնք առավել «սիրված են» «Սիքյուրիտի դրիմ» ընկերության կողմից: Մասնավորապես առաջարկվում է սահմանված առավելագույն արագությունը մինչեւ 10 կմ/ժ-ով գերազանցելու համար տուգանք սահմանել 3 հազար դրամ՝ գործող 10 հազարի դրամի փոխարեն: Առաջարկվում է՝ սահմանված առավելագույն արագությունը 11-20 կմ/ժ-ով գերազանցելու պարագան դիտարկել որպես առանձին իրավախախտում եւ դրա համար տուգանք սահմանել վեց հազար դրամը:
Գործող օրենսգրքում արագությունը գերազանցումը 11-30 կմ/ժ-ով դիտարկվում է մեկ փաթեթի մեջ եւ տուգանվում 30 հազար դրամով: Ի դեպ, 21 եւ ավելի կմ/ժ-ով արագության գերազանցման տուգանքներում որեւէ փոփոխություն չեմ առաջարկել: Նախագծով առաջարկել եմ տուգանքները թեթեւացնել այն խախտումերի պարագայում, որոնք պայմանականորեն կարելի է անվանել «համեմատաբար նվազ վտանգավոր»: Առաջարկվում է նաեւ վերացնել չվճարված տուգանքների եռապատկման եւ հնգապատկման պրակտիկան, եռապատկումը փոխարինելով մեկուկես անգամով, հնգապատկումը՝ կրկնապատկումով:
Աշխատել եմ ստեղծել հավասարակշռված նախագիծ, որը կսանձի «Սիքյուրիտի դրիմի» ախորժակը եւ չի բերի ճանապարհային ամենաթողության: Վաղը նախագիծը՝ կից հիմնավորումներով, կտեղադրվի ԱԺ կայքում. սիրով կդիտարկեմ այդ կապակցությամբ հղված առաջարկները: Խնդրում եմ դրանք ուղարկել [email protected] էլ. փոստով:
Կանխավ շնորհակալություն»: