![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/l-0x0wh-786x458z-1-5.jpeg)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և բարերար Արման Մայիլյանը կնքել են համագործակցության հուշագիր՝ Տավուշի մարզի Չինչին գյուղի Կապտավանք եկեղեցու (12-րդ դ․) ամրակայման և վերականգնման վերաբերյալ:
Հուշագիրը ստորագրվել է՝ կարևորելով պատմամշակութային ժառանգության արժեքն ու հետագա սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը: Նպատակն է նպաստել պատմամշակութային հուշարձանների պահպանությանը, օգտագործմանը և Հայաստանի Հանրապետությունում ներդրումային ծրագրերի իրականացմանը:
«Հուշարձանների պահպանությունը և սերունդներին փոխանցումը մշակույթի ռազմավարության առանցքային թիրախներից է: Պատմամշակութային արժեքների պահպանման, նորոգման և վերականգնման գործում կարևոր են նաև հանրային մասնակցությունն ու մասնավոր հատվածի հետ համագործակցությունը»,- ասել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ ընդգծելով հուշարձանապահպան նախաձեռնություններին աջակցելու ԿԳՄՍ նախարարության պատրաստակամությունը:
Շեշտելով պետության հետ համագործակցության անհրաժեշտությունը՝ բարերար Արման Մայիլյանը կարևորել է հուշարձանի վերականգնման ընթացքը, որն իրականացվելու է՝ համապատասխան սահմանված ընթացակարգերի:
Ըստ հուշագրի՝ ԿԳՄՍ նախարարությունը կտրամադրի հուշարձանի գիտանախագծային փաստաթղթերը, սահմանված կարգով դրանք կքննարկի նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդում և կտրամադրի եզրակացություն, աշխատանքների կատարման ընթացքում կցուցաբերի մասնագիտական ու իրավական խորհրդատվություն: Բարերարն իր միջոցներով կիրականացնի հուշարձանի վերականգնման աշխատանքները, նախարարությանը կտրամադրի հեղինակային, տեխնիկական հսկողությունների և կապալառու կազմակերպությունների հետ պայմանագրերը՝ նախատեսվող աշխատանքների թույլտվություն ստանալու նպատակով: