
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ նրա ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփը վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են իրենց օգնականներին հանձնարարություններ տալ՝ անհապաղ սկսել երկու երկրների ղեկավարների հանդիպման նախապատրաստությունը։ Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պետությունների ղեկավարները՝ երեկ հեռախոսազրույցի ընթացքում, պայմանավորվել են, որ կշարունակեն շփումը՝ կողմնորոշվելով դեպի առանձին հանդիպումը, ինչպես նաեւ պայմանավորվել են, որ անհապաղ համապատասխան հանձնարարականներ կտան օգնականներին, որ նրանք սկսեն համապատասխան աշխատանքը», – ասել է նա:
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, որ Կրեմլը երկու ղեկավարների հանդիպումն օպերատիվ կերպով նախապատրաստելու անհրաժեշտություն է տեսնում։ «Անշուշտ, նման հանդիպման բավականին օպերատիվ անցկացման պահանջ կա: Պետությունների ղեկավարները խոսելու շատ բան ունեն: Օրակարգում շատ թեմաներ են, որոնք երեկ հակիրճ նշվել են հեռախոսազրույցի ընթացքում: Բայց առայժմ ինչ-որ ժամկետների մասին խոսել հնարավոր չէ, որովհետեւ նախապատրաստական աշխատանքն այս օրերին դեռ նոր պետք է սկսվի», – ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկար եւ արդյունավետ հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Մենք քննարկել ենք Ուկրաինային, Մերձավոր Արեւելքին, էներգետիկային, արհեստական բանականությանը, դոլարի հզորությանն առնչվող հարցեր եւ մի շարք այլ թեմաներ: Մենք անդրադարձանք մեր ժողովուրդների մեծ պատմությանը եւ այն փաստին, որ միասին այդքան հաջող կռվեցինք Երկրորդ համաշխարհային պատերազմում՝ հիշելով, որ Ռուսաստանը տասնյակ միլիոնավոր մարդկանց կորցրեց, եւ մենք նույնպես կորցրինք շատ մարդկանց: Մենք խոսեցինք մեր ազգերի ուժեղ կողմերի եւ այն մեծ օգուտի մասին, որ մի օր կունենանք` միասին աշխատելով»,- գրել է Թրամփը։
Ըստ նրա՝ Ռուսաստանի Դաշնության նախագահն ու ինքը ցանկություն են հայտնել դադարեցնել միլիոնավոր կյանքեր խլող ռուս-ուկրաինական պատերազմը:
«Նախագահ Պուտինն անգամ օգտագործեց իմ քարոզարշավի շատ ուժեղ կարգախոսը՝ «Ողջախոհություն»: Մենք երկուսս էլ շատ ամուր հավատում ենք դրան: Պայմանավորվեցինք աշխատել միասին շատ սերտորեն: Նաեւ պայմանավորվել ենք, որ մեր համապատասխան թիմերը անհապաղ սկսեն բանակցություններ, եւ մենք կսկսենք զանգահարել Ուկրաինայի նախագահ Զելենսկիին, որպեսզի տեղեկացնենք նրան զրույցի մասին, մի բան, որը ես կանեմ անհապաղ»,- հայտնել է ԱՄՆ նախագահը։
Նա խնդրել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, ԿՀՎ-ի տնօրեն Ջոն Ռաթքլիֆին, Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Վալցին եւ դեսպան, հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆին ղեկավարել բանակցությունները, որոնք, իր խորին համոզմամբ, հաջողությամբ կպսակվեն: «Միլիոնավոր մարդիկ են զոհվել պատերազմում, որը չէր լինի, եթե ես լինեի նախագահ, բայց դա տեղի ունեցավ, ուստի այն պետք է ավարտվի: Այլեւս կյանքեր չպետք է կորցնել: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Պուտինին այս կոչի հետ կապված իր ժամանակի եւ ջանքերի համար, ինչպես նաեւ երեկ Մարկ Ֆոգելին՝ այդ հրաշալի մարդուն ազատ արձակելու համար, ում ես անձամբ ողջունեցի երեկ Սպիտակ տանը: Հավատում եմ, որ այս ջանքերը կհանգեցնեն հաջող ավարտի», – եզրափակել է իր գրառումը Թրամփը:
Ա. ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ
Բաքվում երեկ շարունակվում էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյան շինծու մեղադրանքներով դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատական նիստը շարունակվել է պետական դատախազների կողմից մեղադրական եզրակացության հրապարակմամբ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը շինծու մեղադրանք է առաջադրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի ութ նախկին ռազմաքաղաքական առաջնորդներին, որոնք ապօրինաբար ձերբակալվեցին 2023 թվականի սեպտեմբերին եւ հոկտեմբերին այն բանից հետո, երբ Ադրբեջանը ռազմական հարձակում սկսեց Արցախի դեմ՝ էթնիկ զտման ենթարկելով 120.000 հայի։ Նախորդ դատական նիստին, որը տեղի է ունեցել փետրվարի 10-ին, նախագահող դատավորը հայտարարել էր, որ դատավարությանը նոր թարգմանիչներ են բերվել։ Ավելի ուշ, անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի միջնորդությունները չբավարարելուն, փաստաբանը հայտարարել էր, որ գործը քննող դատավորների կոլեգիան շահագրգռված է քրեական հետապնդմամբ եւ բացարկի միջնորդություն էր ներկայացրել դատարանի կազմին։ Նշենք, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին եւ պետնախարար Ռուբեն Վարդանյանին սպառնում է ցմահ ազատազրկում՝ առաջադրված շինծու մեղադրանքների պատճառով։
Վերջում հավելենք, որ Արցախի մյուս պաշտոնյաների՝ շուրջ 15 անձի գործով դատական նիստը տեղի կունենա այսօր՝ փետրվարի 14-ին։
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ԻՐԱՆԸ ՊԱՀՊԱՆՈՒՄ Է ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մաջիդ Թախտ-Ռավանչին վերահաստատել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը շարունակում է պահպանել իր դիրքորոշումը տարածաշրջանի աշխարհաքաղաքականության անփոփոխելիության վերաբերյալ։ Այս մասին նա նշել է Իրանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպման ընթացքում՝ ընդգծելով, որ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի եւ Իրանի միջեւ քաղաքական, տնտեսական եւ էներգետիկ ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները։ Մաջիդ Թախտ-Ռավանչին ընդգծել է, որ երկու երկրների միջեւ համագործակցության համար առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները։ Գրիգոր Հակոբյանն իր հերթին շնորհավորել է Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի կապակցությամբ՝ նշելով, որ Հայաստանի կառավարության եւ ժողովրդի համար Իրանի հետ փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա հիմնված հարաբերությունների խորացումը մեծ կարեւորություն ունի։ Հանդիպման ընթացքում կողմերը նաեւ մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ՝ ընդգծելով երկկողմ եւ բազմակողմ համագործակցության կարեւորությունը տարածաշրջանի կայունության եւ անվտանգության ապահովման գործում։
ԴԱՏԱԼՍՈՒՄՆԵՐԸ ԿՄԵԿՆԱՐԿԵՆ ՓԵՏՐՎԱՐԻ 18-ԻՆ
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի՝ 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործով նախնական դատալսումները կմեկնարկեն փետրվարի 18-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Գորիսում: Գեներալի փաստաբաններից Վարազդատ Հարությունյանը փոխանցել է. «Միջնորդելու ենք, որ դատաքննությունը դռնբաց լինի, հանրությունն իրական տեղեկություն ստանա Տիրան Խաչատրյանի մեղադրանքի մասով»: Նշենք, որ 2025 թվականի հունվարի 3-ին Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի մարտական կարգադրության համաձայն նշանակված լինելով որպես Զորքերի հարավային խմբավորման հրամանատար՝ 2020 թվականի հոկտեմբերի 7-17-ն ընկած ժամանակահատվածում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսեւորել է անփույթ վերաբերմունք, այն է՝ չի ստեղծել հարավային խմբավորման կառավարման կետ՝ իր բոլոր տարրերով, մարտական գործողությունների վարման ընթացքում լիարժեք չի կատարել կառավարմանը բնորոշ մի շարք միջոցառումներ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ:
ՀԵՏՔԵՐ ՉԿԱՆ
ArmLur.am-ը տեղեկացել է, որ ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ի տեղեկություններով՝ նրա մարմինը գտել էին տանը՝ մահանալուց 3 օր հետո։ Նշենք, որ Բարսեղյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության պետի պաշտոնը։ Ընդգծենք, որ վերջինիս որդին զոհվել էր 44-օրյա պատերազմի ընթացքում։
ՀԱՄԱԼՐՈՒՄՆԵՐ
Շարունակվում է ներքին գործերի նախարարության նորաստեղծ ուսումնական հաստատության անձնակազմի համալրման գործընթացը: ՆԳՆ կրթահամալիրի ղեկավար կազմը համալրվել է. նշանակված են ռեկտորը եւ պրոռեկտորները, ովքեր ունեն բարձր մասնագիտական որակավորումներ եւ գիտական ու կրթական գործունեության հարուստ փորձառություն։ Ռեկտորի պաշտոնում նշանակվել է Մանուկ Մուրադյանը: Հանձնաժողովների կազմում ընդգրկված են ոչ միայն ներքին գործերի նախարարության, այլեւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ հոգեբաններ: