ՓԱԿ ՃԱՄՓԱՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` վաղ առավոտից, չեն գործել Գյումրի-Երեւան երթուղին սպասարկող միկրոավտոբուսները: Գյումրու ավտոկայարանում խմբված բնակիչները, որոնք, ժամը 08:00-ից սկսած, մեծ համբերատարությամբ տրանսպորտի են սպասել, արդեն ժամը 11-ից սկսել են ահազանգել, որ «գազելներ» չկան, եւ իրենք չեն կարող մեկնել Երեւան:
«Երեւան` հիվանդանոց ենք գնալու աղջկաս հետ, ժամը 8:15-ից սպասում ենք, բայց հեչ մի բան չեն ասում, մենակ ժողովուրդը կսե, որ Երեւան չեն տանի` էդ միտինգի հետ կապված, թե մենք ինչ պտի էնենք, չիդեմ, աղջի՛կ ջան»,- պատմեց Ջուլիետա Թովմասյանը:   Ավտոկայանում Երեւան մեկնել կամեցող քաղաքացիների թիվը գերազանցում էր 30-ը:  Կես ժամվա ընթացքում խմբված քաղաքացիներն ավելացան: Ավելի վճարունակները երկար չսպասեցին, խմբվեցին ու տաքսիներով մեկնեցին: Ավելի ուշ պարզվեց, որ տաքսի մեքենաների վարորդներն ուղեւորափոխադրման գինը 1000 դրամով բարձրացրել են: Երեւան տանում էին ոչ թե 2500, այլ 3500 դրամով, ինչից  քաղաքացիների դժգոհությունն ավելացավ: «Խնդրում եմ իմ խոսակցությունը հանկարծ չկրճատեք:  Ես Երեւանից եմ, հարազատներ շատ ունեմ Գյումրիում, եւ երեկ այստեղ եկել եմ թաղման, թոշակառու մարդ եմ ու էսօր պետք է գնամ Երեւան: Սակայն եկել եմ` Գյումրի-Երեւան գազելները չեն աշխատում, ինչի՞ պտի 1500-ի փոխարեն 3000 դրամ տամ տաքսուն, հասնիմ քաղաք: Վերջերս Գալուստ Սահակյանը ելույթ ունեցավ, ըսավ` միտինգի ժամանակ մարզերից որ չեն թողնում գազելներ գան հասնեն Երեւան, եկե՛ք բողոքե՛ք, ան բողոքում եմ, ականատես եմ, որ Հայաստանի երկրորդ քաղաքում Գյումրիից-Երեւան ոչ մի գազել չի աշխատում»,-«Ժողովուրդ»-ին  հայտնեց երեւանցի 62-ամյա Ռոբերտ Մելիքյանը:
Ժամը 12:00-ի սահմաններում Գյումրու ավտոկայարանում հայտնվեց Երեւան մեկնող առաջին գազելը: Քաղաքացիների միայն մի մասին հաջողվեց միկրոավտոբուս նստել, իսկ մյուսները նորից դրսում մնացին:
Գյումրու ավտոկայանից փորձեցինք ճշտել, թե ինչն է պատճառը, որ Գյումրի-Երեւան ուղղությամբ «գազելները» չեն աշխատում: «Ժողովուրդ»-ին պատասխանեցին, որ տնօրինությունից ոչ ոք տեղում չէ, ղեկավարները քաղաքից բացակայում են, մեկնել են Երեւան` ժողովի: Ենթակարգավարներն ու հերթապահ մասի աշխատակիցներն առհասարակ հրաժարվեցին խոսել` պատճառաբանելով, որ հարցն իրենց լիազորություններից դուրս է: Մեր այն հարցին,  թե  մինչեւ կեսօր քանի «գազել» է մեկնել Գյումրուց Երեւան,  ավտոկայարանի հերթապահ մասից պատասխանեցին` մեկ կամ երկու միկրոավտոբուս: Նշենք, որ հանրահավաքների օրերին Գյումրու ավտոկայարանում միշտ նմանատիպ խնդիրներ են լինում:

 ՀԵՐՄԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Գյումրի




Լրահոս