Երեկ Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Սարգսյանի նախագահությամբ տեղի ունեցավ Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի դեմ հարուցված գործի 4-րդ դատական նիստը: Նիստի ժամանակ մեղադրող կողմը` Հարություն Հարությունյանը, սկսեց ընթերցել մեղադրական ճառը, որում մասնավորապես ասվում էր. Վարդգես Հովակիմյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 308 հոդվածի 1-ին մասով` պաշտոնական լիազորության չարաշահումը, 314 հոդվածով` պաշտոնական կեղծիքը, եւ 315 հոդվածի 2-րդ կետով` պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաեւ շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ ձեռնարկելը: Մեղադրանքը ներկայացնելուց հետո, երբ դատավոր Գ.Սարգսյանը Հովակիմյանին հարցրեց` արդյո՞ք վերջինս իրեն մեղավոր ճանաչում է, Վ.Հովակիմյանը տվեց բացասական պատասխան: Երբ, ըստ սահմանված կարգի, հերթը հասավ վկաների հարցաքննությանը, դատավորը երկկողմանի համաձայնությունից հետո որոշում կայացրեց հարցաքննել գործով վկա Նորիկ Մալխասյանին: Սակայն մեղադրող Հ.Հարությունյանը դատավոր Գ.Սարգսյանին խնդրեց, որ դատական նիստը տեղափոխվի մեկ այլ օր, քանի որ այլ դատական նիստ ուներ: Այսպիսով` նիստը հետաձգվեց: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանը նշեց, որ իր համար կան շատ կետեր, որոնք անհասկանալի են: Նա հույս հայտնեց, որ դատական նիստերի ընթացքում կկարողանա բարձրաձայնել այդ կետերը: Նաեւ հավելեց, որ իր փաստաբան Լ.Գրիգորյանի հետ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Գ.Պետրոսյանին 7 էջանոց տեղեկանք են ներկայացրել` նշելով, որ մեղադրանքներն անհիմն են: Նշենք, որ 308 հոդվածի 1-ին մասով նախատեսվում է պատիժ տուգանքի տեսքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու, կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով: 314 հոդվածով մեղադրյալը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկից հինգ հարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով: 315 հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է պատիժ տուգանքի տեսքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, եւ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով, կամ ազատազրկմամբ մեկից երկու տարի ժամկետով եւ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին` ժամը 11-ին: Տեսնենք, թե ինչ պատժի կդատապարտեն ստորագրությամբ ազատ արձակված նախկին մարզպետին: