
Վերջին մեկ ամսվա ընթացքում շտապօգնության աշխատակիցների նկատմամբ գրանցվել է երկրորդ բռնության դեպքը։
Շտապօգնության աշխատակցի նկատմամբ առաջին բռնության դեպքը գրանցվել է փետրվարի 21-ին Շիրակի մարզում։
ՀՀ ՆԳՆ-ից հայտնել էին, որ գանգուղեղային վնասվածքով Ազատան բնակավայրից «Գյումրի» ԲԿ բուժօգնության է տեղափոխվել 31-ամյա բուժակ։
ՆԳՆ-ի փոխանցմամբ երեկ՝ փետրվարի 24-ին Լեոյի փողոցում անհայտ անձինք ծեծի են ենթարկել շտապօգնության աշխատակիցների։
Շտապօգնության աշխատակիցներին ծեծի ենթարկելու պատճառը եղել է այն, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող քաղաքացիներն իրենց վատ զգալու պատճառով կանչել են շտապօգնություն և վեճի բռնվել աշխատակիցների հետ։
Հարկ է նշել, որ տղամարդկանցից մեկի մոտ հայտնաբերվել են 6 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածով երկու փաթեթ և դեղնականաչավուն զանգվածով գլանակ, իսկ մյուսի մոտ՝ դեղնականաչավուն զանգված։
Մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողներին բռնության ենթարկելուն անդրադարձել է նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Իրենց մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպքերը, ցավոք, շարունակվում են: Գիշերը բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել Երևանում ` շտապօգնության մեր բժիշկների նկատմամբ, ովքեր շտապել են կանչի` անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելու: Օրեր առաջ էլ նմանօրինակ դեպք էր արձանագրվել Շիրակի մարզի շտապօգնության բուժակի նկատմամբ: Խստորեն դատապարտում եմ տեղի ունեցածը»,- գրել է Ավանեսյանը:
Նշենք, որ նախորդ տարի ևս գրանցվել են դեպքեր, երբ բուժաշխատողների նկատմամբ բռնություն է գործադրվել։ Անցյալ տարվա ուշագրավ դեպքերից մեկն էլ այն էր, որ շտապօգնության աշխատակիցների առջև փակել էին սենյակներից մեկի դուռն ու դանակով սպառնացել, որ պետք է փրկեն իրենց մոր կյանքը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան