
Պեկինը Վաշինգտոնի հետ իր առեւտրատնտեսական խնդիրները երկխոսությամբ լուծելու պատրաստակամություն է հայտնել։ Այս մասին ճեպազրույցում ասել է Չինաստանի առեւտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հե Յադունը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը Չինաստանի հետ նոր առեւտրային գործարք կնքելու պատրաստակամության մասին։
«Չինաստանի առեւտրի նախարարությունը կապի մեջ է ամերիկացի գործընկերների հետ,- ասել է նա։- Չինաստանը վճռականորեն դեմ է ԱՄՆ միակողմանի մաքսատուրքերի միջոցառումներին, վճռականորեն պաշտպանում է իր օրինական իրավունքները եւ շահերը, եւ մենք պատրաստ ենք հարցերը լուծել երկխոսության եւ խորհրդակցությունների միջոցով»:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը վստահություն էր հայտնել Չինաստանի հետ նոր առեւտրային գործարք կնքելու հնարավորության մասին եւ ասել էր, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կարող է այցելել ԱՄՆ։