Չափազանցված չի լինի, եթե ասենք, որ այս պահին ողջ հանրապետությունը սպասում է Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրություններում երրորդ տեղը գրաված Մարտուն Գրիգորյանի հայտարարությանը, կդնի՞ նա մի կողմ իր ունեցած նախկին լրջագույն տարաձայնություններն ու թշնամանքը՝ միանալու Վարդան Ղուկասյանին, թե՞ ոչ: Արդյո՞ք ընդդիմադիր ամենաշատ ձայներ հավաքած Վարդան Ղուկասյանը կդառնա քաղաքապետ, թե՞ ոչ:
ArmLur.am-ը հետևողականորեն փորձում է կապ հաստատել Մարտուն Գրիգորյանի կամ նրա թիմակիցների հետ, բայց բոլորի հեռախոսահամարները անջատված են: Ամենայն հավանականությամբ լարված օրերից, ձերբակալություններից ու տարատեսակ ճնշումների միջով անցնելուց հետո մարդիկ քնած են, հանգստանում են:
ArmLur.am-ը փորձեց նաև «Հայրենիք» կուսակցությունից հետաքրքրվել, որը առաջադրել է Մարտուն Գրիգորյանին` հասկանալու, թե կուսակցությունն ինչ որոշում է կայացնելու: Սակայն նրանք էլ չպատասխանեցին:
Իհարկե, Մարտուն Գրիգորյանին և թիմին ճանաչողները լավ գիտեն, որ նա երբեք որևէ պարագայում ՔՊ-ի կողքին չի կանգնի և չի հիասթափեցնի ինչպես իր ընտրողներին, այնպես էլ հանրության ընդդիմադիր հատվածին: Մեզ մնում է էլի սպասել Մարտուն Գրիգորյանի կամ «Հայրենիք» կուսակցության հայտարարությանը:
Հավելենք, որ լարված երեկոյից հետո Գյումրին դատարկվել է։
Հարբած ՔՊ-ականները պատրաստվում էին տոնել հաղթանակը, սակայն ոչինչ չստացվեց և կարծես թե առավոտյան բոլոր ՔՊ-ականները երեկոյան շոուներից հետո գետնի տակ են անցել։ Սա ՔՊ-ի համար անսպասելի պարտություն էր։
Հիշեցնենք, որ առավոտյան քաղաքական 2 ուժ՝ «Իմ հզոր համայնք» կուսակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը և «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտնեցին, որ իրենց ձայնը կտան Վարդան Ղուկասյանին։
Ընդդիմությունն այժմ սպասում է Մարտուն Գրիգորյանի վճռորոշ ձայնին։ Եթե Մարտուն Գրիգորյանը չհամաձայնի ձայն տալ Ղուկասյանին, ապա Գյումրին պետք է ևս մեկ անգամ ընտրի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան





























