Թուրքական առաջադեմ թերթերը բավական լայնածավալ անդրադարձ են կատարել երեկ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված, Հայոց ցեղասպանության փաստը դատապարտող բանաձևին:
Սակայն ասել, որ այդ իրադարձությունը մեծ խուճապ կամ անհանգստություն է առաջացրել ՝ ճիշտ չի լինի:
Armlur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը:
«Պատճառը գուցե այն է, որ բանաձևը գործընթացի խիստ նախնական փուլն է: Ընդհանուր առմամբ, թուրքական հասարակության շրջանում մտահոգություններ չկան, թե ԱՄՆ-ում կարող է հայամետ բանաձև ընդունվել»,- ասաց նա:
Արա Գոչունյանի խոսքով, թուրքական կողմի հույսը ԱՄՆ Կոնգրեսի` արձակուրդ գնալն է:
«Եթե մինչ դա` ասենք այս երեկո, ծերակույտի ընդհանուր ժողովի օրակարգում բանաձևի հարցը չներառվի, այն ինքնաբերաբար կչեզոքանա»,- ասաց թուքահայ խմբագիրը:
Հիշեցնենք` սա վերջին 25 տարիների ընթացքում առաջին դեպքն է, երբ Սենատում նման փաստաթուղթ է ընդունվում։
Հիշեցնենք նաև, որ բանաձևն ընդունվեց 12 կողմ, 5 դեմ ձայներով։
Անի Ղազարյան