«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և Յունիբանկն օրեր առաջ հայտարարեցին իրենց համագործակցության մասին:
Հունիսի 27-ին «Ուրարտու»-ի մարզաբազայում ստորագրվեց պայմանագիր, ըստ որի, Յունիբանկը դարձավ ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը։ Այս համագործակցոթյունը տալիս է նոր հնարավորություններ ֆուտբոլային ակումբին՝ ապահովելով լրացուցիչ ռեսուրսներ՝ ենթակառուցվածքների զարգացման, ակադեմիայի և սոցիալական ծրագրերի իրականացման համար։
Անդրադառնալով համագործակցությանը՝ «Ուրարտու»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Շախբագյանը կարևորեց այն և նշեց՝ ակումբի և Յունիբանկի տեսլականները համընկնում են և, որ իրենք բաց են համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր հանդիսանում են նույն գաղափարի կրողը: Դավիթ Շախբագյանը կարևորեց նաև ապագա ֆուտբոլիստների դաստիարակությունը.
«Ինչ վերաբերում է Ակադեմիային, ապա մեր հիմնական նպատակից՝ ֆուտբոլիստներ դաստիարակելուց բացի, նաև կարևոր է, որ առաջին հերթին կարողանանք դաստիարակել լավ մարդ։ Երեխան մեզ մոտ ստանում է ոչ միայն ֆուտբոլային կրթություն, այլև այն դաստիարակությունը, որով վաղը կարող է դառնալ մեր երկրի արժանի քաղաքացի»,- ընդգծեց Դավիթ Շախբագյանը։
Համագործակցությունը ողջունեց նաև ակումբի նախագահ Ջևան Չելոյանցը, այն համարելով կարևոր քայլ ակումբի կայուն զարգացման և նոր բարձունքների հասնելու ճանապարհին:
«Մենք ուրախ ենք աշխատել գործընկերոջ հետ, որը կիսում է մեր արժեքներն ու նպատակները», – շեշտեց ակումբի նախագահ Ջևան Չելոյանցը։
Իր հերթին Յունիբանկն էլ համագործակցությունը դիտարկում է հայկական ֆուտբոլի զարգացմանը նպաստելու հնարավորություն: Ինչպես Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանն է հայտնել՝ բանկը ուրախությամբ է ստանձնել «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը դառնալու պարտավորությունը:
«Մենք ուրախ ենք դառնալ «Ուրարտու» Ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը: Մի ակումբի, որն ունի վառ անհատականություն և հավակնոտ նպատակներ։ Հավատացած ենք, որ մեր համագործակցությունը կդառնա ամուր հիմք նոր հաղթանակների և ձեռքբերումների համար՝ ինչպես թիմի, այնպես էլ՝ նրա երկրպագուների համար: Յունիբանկը շարունակելու է աջակցել սպորտի զարգացմանը Հայաստանում և առողջ ապրելակերպի արժեքների տարածմանը», – ասաց Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:
Պայմանագրի ստորագրումից հետո Ակադեմիայի փոքրիկ ֆոտբոլիստները Յունիբանկի վարչության նախագահին նվիրեցին խորհրդանշական մարզաշապիկ։ Մեսրոպ Հակոբյանը խոստացավ ակումբի խաղերին գնալ հենց այդ մարզաշապիկով:
«Յունիբանկի կարգախոսն է՝ «Առողջ ֆինանսներ՝ վստահ ապագա», և մենք անկեղծորեն հավատում ենք, որ ֆինանսական բարեկեցությունն սկսվում է կրթության և սպորտի մեջ ներդրումներից: «Ուրարտու» ակումբը մեծ նշանակություն է տալիս մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը: Մենք հպարտ ենք մեր գործընկերությամբ և ուրախ ենք նպաստել մարզիկների նոր սերունդների զարգացմանը», – հավելեց Մեսրոպ Հակոբյանը:
Տեղեկացնենք, որ առաջին պաշտոնական հանդիպումը հովանավորության պայմանագրի ստորագրումից հետո կլինի ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի շրջանակում՝ բելառուսական «Նեմանի» հետ: Այդ երեկո թիմը դաշտ դուրս կգա նոր խաղաշապիկով՝ Յունիբանկի տարբերանշանով։
Նանիկ Աղասյան

























































































