Իրանի ԱԳՆ խոսնակը երկուշաբթի հայտարարել է, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հանդիպելու է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ Չինաստանում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) նիստի շրջանակում, որը տեղի կունենա երեքշաբթի՝ հուլիսի 15-ին։
Ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալության հետ զրույցում Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայի նշել է, որ երկու կողմերը Չինաստանում կայանալիք հանդիպման ընթացքում կքննարկեն միջուկային հարցերը եւ Արեւմտյան Ասիայում տեղի ունեցող զարգացումները։
Բաղային ընդգծել է, որ նախարարների հանդիպումը տեղի կունենա Արաղչիի Չինաստան կատարած այցի ընթացքում, որտեղ վաղը (երեքշաբթի) կկայանա ՇՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որին կմասնակցի նաեւ Լավրովը։
Նրա խոսքով՝ օրակարգում են երկկողմ հարաբերությունների շարունակական խորհրդակցությունները, ինչպես նաեւ տարածաշրջանի վերջին զարգացումները, այդ թվում՝ Իրանի միջուկային հարցը։
Իրանի բարձրաստիճան դիվանագետը երկուշաբթի առավոտյան Թեհրանից մեկնել է Չինաստան։
Անի Վարդանյան
























