Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին, բայց, հնարավոր է, ոչ օգոստոսի 15-ին Ալյասկայում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովի ձևաչափով։ Այս մասին հայտնել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին, հաղորդում է CTK լրատվական գործակալությունը։
«Եվրոպան ներկայումս վճարում է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության մեծ մասը։ Կարծում եմ, որ Եվրոպան, բնականաբար, կմասնակցի բանակցություններին։ Սակայն, հնարավոր է, ոչ այս կոնկրետ ձևաչափով», – նշել է արտաքին գործերի նախարարը։
Նախարարի խոսքերով՝ Միացյալ Նահանգները պարբերաբար տեղեկացնում է եվրոպական հիմնական երկրներին նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնության իրականացման ընթացքի մասին, որի նպատակն է Ուկրաինայում խաղաղության հասնելը։
«Մենք չենք կարող ասել, որ Եվրոպան լիովին դուրս է թողնված (բանկացություններից), բայց ինֆորմացիան համեմատաբար քիչ է: Հետևաբար, եկեք չառաջ անցնենք։ Անփոփոխ է մնում այն, որ միայն Ուկրաինան պետք է որոշի, թե ինչի հետ է պատրաստ համաձայնվել, և ինչի հետ՝ ոչ», – ասել է նախարարը։
Լիպավսկին երկուշաբթի օրը ժամանել է Ուկրաինա՝ վերջին երեքուկես տարվա ընթացքում վեցերորդ անգամ։ Այցի ընթացքում, ինչպես նշել է գործակալությունը, նա մտադիր է աջակցել չեխական ընկերությունների մասնակցությանը այս երկրի հետպատերազմյան վերականգնմանը։






























