Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Միացյալ Նահանգների կողմից Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչների ապագա հանդիպումը նախապատրաստելուն օգնում են Պետդեպարտամենտի ղեկավար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը։
Զելենսկին լրագրողներին պատմել է Վաշինգտոնում վերջերս տեղի ունեցած բանակցությունների ընթացքի մասին։ Բանակցություններում Ուկրաինայի նախագահը հանդիպել է Դոնալդ Թրամփի և եվրոպական խոշոր երկրների առաջնորդների հետ։
Գագաթնաժողովի ժամանակ Թրամփը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որից հետո հայտարարել է Զելենսկու և Կրեմլի ղեկավարի միջև ուղիղ բանակցությունների նախապատրաստման մասին։ Ինչպես ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ դրան կարող է հաջորդել նրա մասնակցությամբ եռակողմ հանդիպումը։
«Մենք՝ եվրոպացի առաջնորդների ներկայությամբ Օվալաձև աշխատասենյակում, մեր հանդիպումների արդեն երրորդ մասում, նախագահ Թրամփի և Պուտինի զրույցից հետո, համաձայնության եկանք, որ ռուսների հետ հանդիպումը նախապատրաստելու համար ամերիկյան կողմից համակարգող խումբը կազմված կլինի Ռուբիոյից, Ուիթքոֆից և Վենսից։ Մենք խոսում ենք մեր պայմանավորվածությունների համակարգման մասին», – ասել է Զելենսկին, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»։
ԱՄՆ-ի և եվրոպական երկրների ներկայացուցիչները խոսում են Զելենսկու և Պուտինի միջև հանդիպման հնարավորության մասին, սակայն Մոսկվան դա չի հաստատել: Չորեքշաբթի օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նման բանակցությունները պետք է մանրակրկտորեն պատրաստվեն և հստակեցրել է, որ դրանք կարող են տեղի ունենալ միայն աշխատանքային խմբերի շրջանակներում իրականացվող ռուս-ուկրաինական խորհրդակցություններից հետո:



















































































