Armenian text to speach

Փաշինյանը խաբո՞ւմ է․ Արբիտրաժում պարտվել է, թե՞ հաղթել է Հայաստանը․ ինչ է պատմում հայցվորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վերջերս «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր հոդված, որը պարունակում էր Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակին ուղղված հարցման պատասխան։ Համաձայն այդ պատասխանի և հրապարակման՝ «Արբիտրաժային դատարանում Հայաստանի դեմ շուրջ 1,5 մլրդ դոլարի հայցապահանջ կա»։
Ներկայացրել էինք՝ Արբիտրաժային դատարանում Հայաստանի հաղթական դատական գործերը որոնք են եղել, ըստ այդմ ներկայացրել էինք արդեն իսկ ավարտված գործերը։
Ինչպես նշված է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի պաշտոնական կայքում Հայաստանի համար ավարտված 4 ներդրումային արբիտրաժի գործեր կան։

Առաջինը Ջ. Բորկովսկին և Ռասիա ՖԶէ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության (ARB/18/28) գործն է, 2-րդը՝ Էդմոնդ Խուդյանը և «Արին Կապիտալ Ինվեսթմենթս» ընկերությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության (ARB/17/36)գործը, 3-րդը՝ «Թի էս ինվեստմենթ քորփորեյշն» ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործը, 4-րդը՝ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործը։

Գրել էինք, որ Տրիբունալը գտել է, որ Էդմոնդ Խուդյանի առնչությամբ տրիբունալի ratione personae իրավազորությունը բացակայում է, քանի որ վերջինս հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Ինչ վերաբերում է «Արին Կապիտալ Ինվեսթմենթս» ընկերությանը, ապա այդ դեպքում էլ բացակայում է տրիբունալի ratione materiae իրավազորությունը՝ ներդրումներ չկատարված լինելու հիմքով: Այդպիսով, տրիբունալը մերժել է Հայցվորների պահանջներն ամբողջությամբ՝ իրավազորության բացակայության հիմքով, և վերջիններիս վրա դրել համապարտ պարտավորություն՝ Հայաստանի Հանրապետությանը վճարել 337,466.34 ԱՄՆ դոլար՝ Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնին վճարված կանխավճարի չափով, ու 400,000 ԱՄՆ դոլար՝ որպես արբիտրաժային գործի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կատարած իրավաբանական ծախսերի փոխհատուցում:

Օրեր անց ArmLur.am-ի խմբագրություն դիմեց Էդմոնդ Խուդյանը՝ պնդելով, որ «վարչապետի հայտարարությունը իմ գործի մասին չի համապատասխանում իրականությանը։ Առ այսօր, ՀՀ-ը իմ գործով պարտվել է և պետք է վճարի 438 հազար ԱՄՆ դոլար + երկու տարվա տույժ՝ մոտ 43 հազար ամն դոլար»,- գրել էր նա։

Խուդյանը պնդում է, որ Գրասենյակի ներկայացրածը գործի առնչությամբ ճիշտ չէ։

«ՀՀ-ն պարտվել է Միջազգային դատարանում։ Սկզբում ՀՀ-ի իրավական կազմը փորձել էր մոլորության մեջ գցել “միջազգային դատարանին” և ինձ ներկայացրել էր որպես ՀՀ քաղաքացի, որի արդյունքում “միջազգային դատարանը” իմ 10,800,000 ԱՄՆ դոլար գործը կարճել էր և ինձնից պահանջել 737 հազար ԱՄՆ դոլարը։ Սա այն գումարն է որը ես պետք է վճարեի, բայց մենք ՀՀ-ի փաստաբանական աճպարությունը ապացուցեցիքն և հաջողությամբ հաղթեցինք, այսինքն 737 հազարը չվճարեցինք ու դատարանը Հուլիս 2023թ-ին վճռեց ՀՀ-ին ինձ վճարել 438 հազար ԱՄՆ դոլար։ Այդ գումարը ՀՀ-ն դեռ չի վճարել։ ՀՀ-ն չի ենթարկվում Միջազգային Դատարանին։

Հարկ եմ համարում նշելու, որ իմ հիմնական պահանջն ու դատական գործը դեռևս առջևում է։ ՀՀ-ն առ այսօր ծախսել է 2,5 միլիոն ԱՄՆ դոլար, գումարած 483,000-ը վճարելուց հետո այն կկազմի 3-ի մոտ։ 2018թ-ի իշխանափոխությունից հետո ՀՀ-ին առաջարկել ենք գործը բացել ու իրական մեղավորներին պատասխանատվության ենթարկել։ Սակայն Պր․ Փաշինյանի կառավարությունը հրաժարվել է, ինձ հայտնի պատճառով»,- գրել է նա։

2022 թվականին այս գործի համար կառավարությունը 280 հազար դոլար էր հատկացրել Նյու Յորքում և Վաշինգտոնում գործող Steptoe & Johnson ընկերությանը՝ Հայաստանի շահերը ներդրումային արբիտրաժային գործում պաշտպանելու համար։ Որոշումն ընդունվել էր Կառավարության մայիսի 26-ի նիստում՝ չզեկուցվող հարցերի փաթեթով։

Ըստ գործադիրի՝ Steptoe & Johnson ընկերության ներգրավումը «Էդմոնդ Խուդյանը և «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» ներդրումային արբիտրաժային գործում պայմանավորված է մի շարք հանգամանքներով։

«Ընկերությունը հաջողությամբ իրականացրել է Հայաստանի շահերի պաշտպանությունը սույն արբիտրաժային գործի շրջանակներում, ըստ այդմ՝ լավագույնս տիրապետում է գործի փաստական հանգամանքներին, իրավական փաստարկներին և առանձնանում է մատուցվող ծառայությունների համար հնարավորինս մատչելի գնառաջարկ ներկայացնելու իր ռազմավարությամբ, ինչպես նաև՝ վճռի կայացումից ի վեր փաստացի աջակցում է ՀՀ կառավարությանը արբիտրաժային վճռի կատարման նպատակով քայլեր ձեռնարկելուն ուղղված աշխատանքների շրջանակներում»,- ասված է որոշման հիմանվորման մեջ։

Էմմա Միքայելյան 




Լրահոս