«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է բացահայտել ՀՀ Ազգային ժողովի անտրամաբանական գնումների շարքը: Փաստաթղթերը վկայում են այն մասին, որ օրենսդիր մարմինը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի ձեռամբ, գնել է սկավառակ ու նվագարկիչ:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ԱԺ-ն 2024 թվականի ապրիլին ձեռք է բերել ոչ ավել, ոչ պակաս՝ նվագարկիչ, բարձրախոս եւ Miles Davis-ի սկավառակ: Այո, նույն այն Miles Davis-ը, որին անվանում են «Ջազի Պիկասո»։ Պարզապես այս անգամ Պիկասոն ներմուծվել է հպարտ հարկատուների վճարած հարկերի միջոցներով։
Փաստաթղթերում գրված է, որ ԱԺ-ին է մատակարարվել՝
գ 1 Crosley C62 – Black նվագարկիչ՝ 120.000 դրամ,
գ 1 Edifier R1280DB բարձրախոս՝ 60.000 դրամ,
գ 1 «Crosley Miles Davis – The Picasso of Jazz» սկավառակ՝ 19.000 դրամ։
Ընդամենը՝ 199.000 դրամ պետական բյուջեից։
Հարց. պետական ո՞ր գործառույթն է կատարվել այս գնումով, ինչո՞ւ է Ազգային ժողովին անհրաժեշտ նվագարկիչ, անհասկանալի է։
«Մշակութային շնչառությունից» զատ, հետաքրքիր է դառնում շարունակությունը։
ԱԺ-ի հաշիվ ապրանքագրերի ուսումնասիրության համաձայն՝ 2023-ի դեկտեմբերին ԱԺ-ն գնել է երկու Crosley նվագարկիչ՝ յուրաքանչյուրը 160.000 դրամ։
Այսինքն՝ 320.000 դրամ, կրկին՝ պետական գանձարանից։
Բայց ոչ մի տեղ նշված չէ՝
. ո՞ր բաժնի կամ աշխատասենյակի համար է գնվել,
. ո՞վ է պահանջել նվագարկիչ ունենալ,
. եւ ամենակարեւորը՝ ինչպե՞ս է այդ գնումը նպաստել օրենսդիր մարմնի արդյունավետությանը։
Մինչդեռ թափանցիկության մասին խոսող ՔՊ-ականները այս մասին լռում են՝ ինչու պիտի հարկատուների վճարած գումարով ԱԺ-ում հնչի ջազի, այլ ոչ թափանցիկության ձայնը։
Հիշեցնենք, որ մամուլում «Ձուկ» մականունով հայտնի Դավիթ Առաքելյանը, որ կրթությունը ստացավ աշխատանքին զուգահեռ, իրականում աղմկահարույց շատ պատմությունների մեջ է թաթախված: Նրա կրթական ողջ գործընթացը խիստ կասկածահարույց է. Առաքելյանը պրակտիկա է անցել իր ղեկավարած հիմնարկությունում, ինչը, ըստ մասնագետների, քրեական բնույթի հանցագործություն է: Բացի դրանից, նա խիստ արտոնյալ պայմաններում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում ուսանել. դասապրոցեսներին գրեթե չի մասնակցել, քննությունները հանձնել է արտոնյալ կարգավիճակով, եւ անգամ համակուրսեցիները չեն հիշում նրան կամ դժվարությամբ են մտաբերում՝ որպես ուսանողի:
Եվրոպական գործիչների հետ թանկարժեք ճաշկերույթների մասնակցող եւ Եվրամիության անդամ դառնալու թեկնածության հայտի թաքուն փափագ ունեցող ՔՊ-ականները շարունակում են հարվածներ ստանալ նույն եվրոպական կառույցների կողմից: Ինչպես հայտնի է, Եվրոպական միության անդամ երկրները այս տարի որոշեցին Հայաստանին տրամադրել 100 մլն եվրո «ոչ մահաբեր» ռազմական աջակցություն Եվրոպայի խաղաղության հիմնադրամից, սակայն Հունգարիան վետո դրեց այդ որոշման վրա։ Արդյունքում՝ Հայաստանը ոչինչ չստացավ։ Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց էր ուղղել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ պարզելու՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ի՞նչ քայլեր է ձեռնարկում այս հարցով Հունգարիայի հետ առաջացած խնդիրը հաղթահարելու եւ հատկացված միջոցները հնարավորինս շուտ ստանալու համար, ի՞նչ արդյունքներ կան: Հարցրել էինք նաեւ, թե ՀՀ դեսպանության վերաբացումը Հունգարիայում ինչ կերպ է ազդել հայ-հունգարական հարաբերությունների վրա եւ ինչու չի հաջողվում ՀՀ դեսպան Հայկակ Արշամյանին այս հարցում հասնել շոշափելի արդյունքների: ՀՀ ԱԳՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթին տվել են ընդհանրական, ոչինչ չասող պատասխան: «ՀՀ ԵՄ համագործակցության հիմքում ընկած են բազմաթիվ նախաձեռնություններ եւ ծրագրեր, որոնց իրագործման համար շարունակ ներդրվում են երկուստեք ջանքեր: Դրանց թվում են նաեւ եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին տրամադրվող աջակցությունը, որը ունի կարեւոր նշանակություն, եւ որի շուրջ քննարկումները շարունակվում են ինչպես ՀՀ ԵՄ, այնպես էլ ՀՀ ԵՄ անդամ պետությունների՝ այդ թվում եւ Հունգարիայի հետ երկկողմ ձեւաչափով»: Այսինքն, որեւէ արդյունք, շոշափելի հանգուցալուծում չկա խնդրի կապակցությամբ. «գործադրվում են ջանքեր»: Իսկ այդ ճանապարհին 2025 թվականն անցնում է, եւ Հայաստանը փաստացի զրկվում է 100 մլն եվրո աջակցությունից:
Դատական համակարգում խառն են. կրկին ժողով են հրավիրել
Նոյեմբերի 7-ին կրկին տեղի է ունենալու Դատավորների ընդհանուր ժողով, որի ընթացքում ընտրվելու է Էթիկայի եւ կարգապահական հարցերով հանձնաժողովի ոչ դատավոր անդամ։ Դատական օրենսգրքի 77-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն,նույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված թեկնածուներին ներգրավելու նպատակով, Դատական դեպարտամենտը Էթիկայի եւ կարգապահական հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների ընտրությունից առնվազն երեսուն օր առաջ հայտարարում է մրցույթ, որի շրջանակում Բարձրագույն դատական խորհրդի սահմանած պահանջները բավարարող հասարակական կազմակերպությունները մեկական թեկնածու կարող են առաջադրել։ Թեկնածուների կենսագրությունը եւ նրանց ներկայացրած կազմակերպությունների վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքում: Ու մինչ թեկնածուները պատրաստվում են, դատական համակարգում սկսել են թեժ քննարկումները առ այն, որ թեկնածուների մեջ կան անձիք որոնք դատական համակարգից գաղափար չունեն ու ոլորտին չեն տիրապետում, իսկ թեկնածուներից ոմանց համար էլ արդեն զանգեր են հնչում՝ խնդրելով՝ «Ախպե՛ր ջան, մեր հարազատն է, ընտրես՝ անցնի»։ Արդյոք այս անգա՞մ էլ դատավորները կառաջնորդվեն կլանային շահերով եւ անձնական նախապատվություններով, թե՞ կընտրեն իրապես ոլորտային գործունեություն ծավալող եւ անաչառ մասնագետի, ցույց կտան առաջիկա Ընդհանուր ժողովի ընտրության արդյունքները։
5 տարի նույն պաշտոնը զբաղեցրած փոխնախարարը 2 բնակարան ունի
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը պաշտոնի նշանակվել է 2020 թվականի փետրվարին եւ արդեն 5 տարի համակարգում է ոլորտը։
Մինչ այս պաշտոնը զբաղեցնելը Խոջոյանը 10 տարի աշխատել է «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամում որպես զարգացման ծրագրերի ղեկավար։
2019-ից նա ՀՀ Էկոնոմիկայի նախարարության՝ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» եւ «Գյուղատնտեսական քաղաքականության մոնիթորինգի եւ գնահատման կարողությունների բարձրացման» ծրագրերի տնօրենն էր։
Խոջոյանը հասցրել է ղեկավարման տարիներին գույքով ապահովվել։
Համաձայն 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի նրա հայտարարագրի՝ նա ունի 3 անշարժ գույք՝ 2 բնակարան բազմաբնակարան շենքում, որոնցից 2-ն էլ գտնվում են Արաբկիր վարչական շրջանում ու ձեռք են բերվել 1995, 2017 թվականներին, եւ ավտոկայանատեղի, որը ձեռք է բերվել դարձյալ 2017 թվականին։
Փոխնախարարը տրանսպորտային միջոցներ չի հայտարարագրել։
Նրա բանկային ավանդները կազմել են 5,4 մլն դրամ եւ 200 դոլար։
Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 25 հազար դոլար, 229 հազար 862 դրամ։
Կանխիկ դրամական միջոցները կազմել են 1 մլն 750 հազար դրամ։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 18 մլն 531 հազար դրամ, որից 15 մլն 217 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Էկոնոմիկայի նախարարությունից, 2 մլն 585 հազար դրամը եկամտահարկի վերադարձ է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից։
Եկամուտներից 409 հազար 588 դրամը «Տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսն» է, 318 հազար 718 դրամը եւս «Տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսն» է «Ամերիաբանկից»։
Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 30 մլն 364 հազար, որից գրեթե 30 մլն դրամը 2 բնակարանի եւ 2 ավտոկայանատեղու հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։
Ստացվում է՝ 10 մլն 495 հազար դրամը բնակարանի եւ ավտոկայանատեղու հիփոթեքի գումարն է, իսկ 19 մլն 644 հազար դրամը կրկին բնակարանի եւ ավտոկայանատեղու հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։
Հիշեցնենք, որ Արման Խոջոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։























