Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը նոր շենք ունի. այն գործում է Երևան, Անրի Վերնոյ 3 հասցեում: Թատրոնի նոր շենքի բացման առիթով այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի, Համազգային թատրոնի տնօրեն Ղուկաս Մադոյանի և գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի մասնակցությամբ:
Ասուլիսի ընթացքում բանախոսներն անդրադարձել են կատարված աշխատանքներին, իրականացվելիք նախագծերին և ընթացիկ բարեփոխումներին, նոր և ժամանակակից մոտեցումներով ներկայացումների բեմադրությանը, փառատոների կազմակերպմանը, օտարերկրյա ռեժիսորների հետ սերտ համագործակցությանը, լուսաձայնային տեխնիկայով հագեցած միջոցառումների կազմակերպմանը, մշակութային կյանքի ակտիվացմանը:
Այսօր թատրոնի բեմում կկայանա Մորիս Մետերլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշքը» ներկայացման առաջնախաղը՝ ազդարարելով թատրոնի նոր ստեղծագործական մեկնարկի մասին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդգծել է, որ ներկա Կառավարության օրոք բացվում է թատրոն, կառուցվում են դպրոցներ և մանկապարտեզներ: Բացի Համազգային թատրոնի կառուցումից՝ ոլորտում կապիտալ աշխատանքների ծավալը շարունակաբար աճում է. շուտով առնվազն երկու մարզային թատրոններ ևս կհիմանորոգվեն և կվերանորոգվեն: Մշակույթի և կրթական օջախների բացումը, նորոգումն ու հիմնանորոգումն ամրապնդում են պետության զարգացումը. որտեղ կրթության և մշակույթի զարգացում կա, բարելավվում է նաև մարդու կյանքի որակը»,- ասել է նախարարի տեղակալը` ընդգծելով, որ Համազգային թատրոնի կառուցումն իրականացվել է պետության և մասնավոր հատվածի համագործակցությամբ, ինչը օրինակելի ձևաչափ է:
Նրա խոսքով` պետությունը մեծ ներդրում է ունեցել շինարարական աշխատանքների և նյութատեխնիկական բազայի հագեցվածության աշխատանքներում: Նոր թատրոնն ունի բոլոր հնարավորությունները մշակույթի տնտեսականացման բաղադրիչի զարգացման համար:
«Այստեղ կան բոլոր պայմանները, որպեսզի հիմնական դահլիճից բացի՝ գործեն այլ հարթակներ ևս, որոնցում տեղի կունենան մշակութային այլ միջոցառումներ: Արդեն իսկ քննարկում ենք թատրոնի տանիքում հարթակ ունենալու հարցը, որտեղ կիրականացվեն տարբեր ձևաչափերի միջոցառումներ: Մի խոսքով՝ կառույցը և դահլիճը մտածված են նոր դիզայնով և տեխնիկական նոր լուծումներով և կարծում եմ, որ Համազգային պետական թատրոնը մեր լավագույն թատերական հաստատություններից է: Թատրոնի բացումը կազդարարվի երեք առաջնախաղերով, ինչը վկայում է թատրոնի գործունեության ակտիվության մասին»,- ասել է նախարարի տեղակալը և վստահություն հայտնել, որ նորակառույց շենքի հարկի ներքո թատրոնը կունենա հազարավոր հանդիսատես:
Համազգային թատրոնի տնօրեն Ղուկաս Մադոյանի նշմամբ՝ շենքը գործարկվում է փուլային տարբերակով, և ժամանակի ընթացքում տեղի կունենան ենթակառուցվածքների բարելավումներ: Նորակառույց թատրոնը հագեցած է լուսաձայնային արդի տեխնիկայով:
«Սիրով պատրաստ ենք ընդունել մեր սիրելի հանդիսատեսին, որովհետև ավելի քան վեց ամիս չենք ունեցել մեր տանիքը և ներկայացումներով շրջագայել ենք Հայաստանի ողջ տարածքով, հանդես ենք եկել արտերկրում: Այս ընթացքում ունեցել ենք բազմաթիվ մարզային ծրագրեր, ինչպես նաև մասնակցել ենք տարբեր միջազգային և հանրապետական փառատոների։ Ավելի քան 20 000 հանդիսատես ենք ունեցել մարզերում, որը համահունչ է մեր համազգային առաքելությանը»,- նշել է թատրոնի տնօրենը և հավելել, որ անկախ շենքի առկայությունից՝ միևնույն է Համազգային թատրոնը շարունակելու է մարզային և միջազգային հյուրախաղային գործունեությունը։
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն անդրադարձել է թատրոնի հիմնադրման պատմությանը.
«Մեզ համար շատ երջանիկ պահ է. 35 տարի առաջ Սոս Սարգսյանը Հրաչյա Գասպարյանի հետ իր շուրջն է համախմբել մի շարք լավագույն դերասանների և ստեղծել թատրոն։ Անվերջ դեգերումներից հետո այն, ինչ այսօր կատարվում է, իսկապես հրաշք է և մեզ համար շատ հուզիչ»,- ասել է Նարինե Գրիգորյանն ու շնորհակալություն հայտնել 35 տարիների ընթացքում թատրոնի գործունեության հետ առնչվող մարդկանց, հանդիսատեսին, ինչպես նաև թատրոնի նոր շենքի կառուցմանն աջակցած անձանց ու կազմակերպություններին:
Նա տեղեկացրել է՝ առաջին հարկում գործում է փոքր բեմ՝ փորձարարական ներկայացումների համար, իսկ երկրորդ հարկում տեղակայվել է մեծ դահլիճը՝ ավելի քան 230 հանդիսականի համար։
Նշենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը կառուցվել է ճարտարապետ Իսահակ Ներսիսյանի նախագծով: 2019 թվականին մեկնարկած շինարարությունն իրականացվել է պետական բյուջեի և բարերարների միջոցներով: ՀՀ պետական բյուջեից Համազգային թատրոնի նոր շենքի կառուցման, նորոգման և գույքով համալրման նպատակով ավելի քան 275 մլն դրամ հատկացում է արվել, որից 205 մլն դրամը՝ գույքի և սարքավորման ձեռքբերման, իսկ 70 մլն դրամը` շինարարության համար:
Թատրոնը մինչ այս առանձին շենք չի ունեցել և գործել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի տարածքում:



















































































