Արցախյան երրորդ՝ 44–օրյա պատերազմի մասնակից եւ պատերազմում վիրավորում ստացած Նարեկ Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջով դիմում է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝ տեղեկացնելով, որ արդեն ամիսներ են, ինչ, ավելորդ «քաշքշուքի» պատճառով, չի կարողանում օգտվել բժշկական փորձաքննությունից։
Իր ֆեյսբուքյան էջում նա հայտնում է, որ 2022 թվականին Տավուշից տեղափոխվել է Աբովյան քաղաք, որպեսզի կարողանա արդյունավետ կազմակերպել անրաժեշտ վիրահատությունն ու բուժումը։
«2026թ. հունվարից սկսեցի զբաղվել անձի ֆունկցիոնալության գնահատման վերափորձաքննության կազմակերպմամբ։ Տավուշից բուժգրքույկս պահանջեցին Աբովյանի պոլիկլինիկա։ Աբովյանի տեղամասային պոլիկլինիկայում օրեր շարունակ տանել-բերելուց հետո պարզվեց, որ իրենք չեն կարող ուղարկել թղթերս՝ բժշկական փորձաքննություն կազմակերպելու։ Թղթերս հետ ուղարկեցին Տավուշ, որտեղից էլ ուղարկեցին հանձնաժողովին։ Մեկ ամիս հետո պարզվեց, որ մերժել են դիմումս ու չկա մեկը, որ պարզաբանի ի՞նչն է խնդիրը»,- գրել է Նարեկ Վարդանյանը։
Պատերազմին կամավոր մասնակցած և մարտական առաջադրանք կատարելիս վիրավորում ստացած, հաշմանդամության առաջին կարգ ունեցող քաղաքացին, այսօր ունի տեղաշարժման սահմանափակ կարողություն։
Նրան հետաքրքրում է նաեւ այն, թե ի՞նչ են անում պատասխանատու մարմինները՝ հեշտացնելու, պարզեցնելու վիրավոր քաղաքացիների այս ավելորդ «քաշքշուքները»։
«Քանի որ առջևում ընտրություններ են, կարծում եմ, կարեւոր է, թե ի՞նչ է անում համակարգը, պատասխանատու մարմինները՝ հեշտացնելու վիրավոր զինվորների քաշքշուքները։ Հաշմանդամության խմբով ստանում եմ վերականգնողողական բուժում և դրամական փոխհատուցում։ Արդեն երեք ամիս չի հաջողվում փորձաքննություն կազմակերպել։ Տավուշի պոլիկլինիկայի ու սոցապ ծառայության աշխատակիցները պնդում են, որ խնդիրը նոր ներդրած Արմեդ համակարգի մեջ է։ 2021թ. մի օր պատահաբար ծանոթիցս պարզեցի, որ պիտի ինչ-որ թղթեր վերցնեմ ու սայլակով դռներ ծեծեմ, որպեսզի քաղաքացիական հաշմանդամությունս զինվորական դառնա։ Կարծում եմ, հիմնական խնդիրը մեր ինստիտուտների ու համակարգի մոտեցման մեջ է։ Համամիտ կլինեք, որ ոչ մի վիրավոր՝ սայլակին կամ ծանր տրավմա ստացած զինվոր, պարտավոր չի ընկնել հազարավոր չինովնիկների դռներ, որպեսզի իրեն հասնող փոխհատուցումն ու բուժման իրավունքը ստանա։ Ես այս հարցը բարձրաձայնելով հազարավոր զինհաշմանդամների և քաղհաշմանդամների քաշքշուքների թեթևացում եմ ակնկալում»,- գրել է Նարեկ Վարդանյանը։
Նանիկ Աղասյան

























































































