ArmLur.am-ը շարունակում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի մանրազնին ուսումնասիրությունը՝ հերթով ներկայացնելով այն անունները, որոնք լայն հանրությանը գրեթե անհայտ են։
Ցուցակի 78-րդ հորիզոնականում ընդգրկված է Նելլի Էդիկի Բավեյանը։ ԵՊՀ պաշտոնական կայքից պարզվում է, որ նա դասավանդում է Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Սոցիալական և կլինիկական հոգեբանության ամբիոնում՝ որպես ժամավճարով դասախոս։ Սակայն նրա մասնագիտական և հասարակական գործունեության վերաբերյալ բաց աղբյուրներում գրեթե ոչինչ չկա։
Փոխարենը՝ Բավեյանի սոցիալական հարթակները բավական խոսուն են։ Նա աչքի է ընկնում ընդգծված քաղաքական ակտիվությամբ՝ հետևողականորեն տարածելով և պաշտպանելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օրակարգը։ Տեսանյութերով և գրառումներով նա ակտիվորեն հիմնավորում է թե՛ կուսակցության, թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյան-ի գործունեությունը։
Միևնույն ժամանակ, նրա էջերից տեղեկանում ենք, որ Բավեյանը աշխատում է որպես գլխավոր հաշվապահ NIG ԲԲԸ-ում։ Նա նաև պարբերաբար լուսաբանում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նիստերը, մասնակցում տարբեր քաղաքական միջոցառումների, առցանց արշավների և կուսակցական նախաձեռնությունների։
Ակտիվ ՔՊ-ականը բաց չի թողնում նաև Փաշինյանի մասնակցությամբ համերգային ծրագրերը՝ սոցիալական հարթակներում տարածելով համապատասխան բովանդակություն և ներգրավվելով քարոզչական հոսքերում։
Չնայած այս ակտիվությանը՝ նրա կենսագրության և մասնագիտական ուղու մասին համապարփակ տեղեկատվությունը շարունակում է մնալ սահմանափակ։ ArmLur.am-ը կշարունակի ուսումնասիրել ընտրական ցուցակում ընդգրկված մյուս թեկնածուներին՝ հանրությանը առավել ամբողջական պատկեր ներկայացնելու նպատակով։

Սոնա Գրիգորյան





























