Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող համապատասխանել «Եվրատեսիլ» մրցույթի ներկայիս չափանիշներին, որոնք, նրա խոսքով, «բացահայտ սատանիզմի չափանիշներ են»։
Լավրովը այս մասին ասել է Հասարակածային Գվինեայի արտգործնախարար Սիմեոն Օյոնո Էսոնո Անգուեի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով Ռուսաստանի հնարավոր վերադարձին Եվրատեսիլ։
«Մենք չենք կարող համապատասխանել այն չափանիշներին, որոնք այժմ սահմանում են «Եվրատեսիլի» մասնակիցներին և որոնք իրականում բացահայտ սատանիզմի չափանիշներ են։ Չենք կարող, անկեղծ ասած»,- հայտարարել է Լավրովը։
Նա նաև նշել է, թե Ռուսաստանը իրեն «հիանալի է զգում» այնպիսի միջազգային հարթակներում, ինչպիսիք են ԲՐԻԿՍ-ը և Շանհայի համագործակցության կազմակերպությունը, որոնք, ըստ նրա, զբաղվում են ոչ միայն քաղաքական ու տնտեսական հարցերով, այլ նաև մշակութային և հումանիտար համագործակցությամբ։
Ավելի վաղ «Եվրատեսիլի» ղեկավար Մարտին Գրինը բրիտանական LBC ռադիոկայանին տված հարցազրույցում չէր բացառել, որ տեսականորեն Ռուսաստանը կարող է կրկին մասնակցել մրցույթին։
Անի Վարդանյան


























































































