ՀԱՐՑ. Ապրում եմ Էջմիածնում, աշխատում Երեւանում: Մինչեւ վերջերս միջքաղաքային միկրոավտոբուսը մեզ հասցնում էր Սարյան փողոց: Հիմա վերջնականգառը Կիլիկիա ավտոկայանն է: Կորցնում եմ օրական լրացուցիչ 200 դրամ եւ բավականին ժամանակ: Եթե նպատակը քաղաքի բեռնաթափումն էր, ապա ինչո՞ւ են Աբովյան քաղաքի միկրոավտոբուսները շարունակում շրջել Երեւանի փողոցներում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւան քաղաքի վարչական տարածք մուտք գործող միջմարզային երթուղիների աշխատանքի կանոնակարգման գործընթացի շրջանակներում դրանց համար վերջնականգառներ են սահմանվել ավտոկայարանները եւ առանձին երթակարգավարական կետերը:
Հաշվի առնելով, որ Հյուսիսային ավտոկայարանը գտնվում է անմիջապես մայրաքաղաքի մուտքի մոտ, թույլատրվել է Աբովյան քաղաքը մայրաքաղաքին կապող որոշ ավտոբուսային եւ միկրոավտոբուսային երթուղիների մուտքը Երեւանի վարչական տարածք` դրանց շահագործումը կազմակերպելով կիսաճեպընթաց ռեժիմով (Երեւանի վարչական տարածքում այդ երթուղիների համար սահմանված են թվով 2-3 կանգառներ):
տեղեկատվության եւ հասարակայնության
հետ կապերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կիլիկիա ավտոկայարանն էլ Երեւանի տարածքում է, բայց Էջմիածնի երթուղայիններին արդեն քանի ամիս քայլ առաջ անել չի թույլատրվում: Հասկանում ենք մեր ընթերցողի մտահոգությունը, քանի որ մարդն ամեն օր ժամանակ եւ գումար է ծախսում ինչ-ինչ անհասկանալի մրցույթներում տվյալ երթուղու սպասարկման պայմանները ոչ իր մեղքով փոփոխված լինելու պատճառով: