Ադրբեջանը հետևողական և վճռական քաղաքականություն է իրականացնում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության ձևավորման և պահպանման նպատակով, հայտարարել է Ալիևը օկուպացված Արցախում ընթացող գագաթնաժողովի ժամանակ։
Այս մասին նա նշել է Շուշիում անցկացված «Գլոբալ անվտանգության մեջ տարածաշրջանային ներդրումը․ խաղաղաշինությունը Հարավային Կովկասում» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված իր ուղերձում։
Ալիևի խոսքով՝ անցած տարի Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ստորագրված համատեղ հռչակագիրը, որը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ, ինչպես նաև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, էապես փոխել են իրավիճակը Հարավային Կովկասում։
Նա ընդգծել է նաև, որ այս համատեքստում իրականացվող այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կապելու է Ադրբեջանի մայրցամաքային մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և կդառնա Միջին միջանցքի կարևոր բաղադրիչներից մեկը։
Հիշեցնեք, որ այսօր օկուպացված Շուշիում մեկնարկել է «Տարածաշրջանի ներդրումը գլոբալ անվտանգության մեջ․ խաղաղաշինությունը Հարավային Կովկասում» խորագրով միջազգային համաժողովը, որը կազմակերպվել է Ադրբեջանի իշխող Նոր Ադրբեջան կուսակցության կողմից։
Համաժողովի օրակարգում ընդգրկված են մի շարք պանելային քննարկումներ՝ խաղաղաղության , տնտեսական համագործակցության, միջսահմանային նախագծերի և հետպատերազմական վերականգնման թեմաներով։
Միջոցառմանը մասնակցում են տարբեր երկրների քաղաքական և դիվանագիտական շրջանակների ներկայացուցիչներ։
Նշենք, որ 2020 թվականի պատերազմից և ուժի կիրառմամբ ստատուս քվոյի փոփոխությունից հետո նմանատիպ միջազգային միջոցառումների և համաժողովների անցկացումը Արցախում դարձել է հաճախակի երևույթ, ինչը կարելի է դիտարկվում է որպես քաղաքականության մաս՝ նոր իրողությունների լեգիտիմացման և միջազգային ընկալման ձևավորման ուղղությամբ։
Հեղինակ՝ Անի Վարդանյան
























































































