Վաղ առավոտից Հայաստանի իրավապահ և դատական համակարգերում զարգացումները մեկը մյուսին են հաջորդում՝ նոր հարցեր առաջացնելով քաղաքական դաշտում ընթացող գործընթացների վերաբերյալ։
Դատարանի որոշմամբ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանը կալանավորվել է երկու ամսով, իսկ նույն դաշինքի ներկայացուցիչ Ասատուր Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը։
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել էր դատախազության միջնորդությունները՝ երկու թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց անձեռնմխելիության սահմանափակման համաձայնություն տալու վերաբերյալ։
Սակայն օրվա ամենաաղմկահարույց զարգացումը դարձավ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի ձերբակալության մասին տեղեկությունը։ Հակոբյանը մինչ իրավապահների գործողությունը հասցրել է գրառում կատարել սոցիալական ցանցում՝ իշխանություններին ուղղված կոշտ և ծանր մեղադրանքներով։
Այս ամենը տեղի է ունենում ներքաղաքական լարվածության պայմաններում, երբ ընդդիմադիր շրջանակները հերթական ձերբակալություններն ու քրեական գործերը գնահատում են որպես քաղաքական ճնշման գործիք, մինչդեռ իշխանությունները պնդում են, որ իրավապահ համակարգը գործում է բացառապես օրենքի շրջանակներում։
Փաստը մնում է փաստ․ մեկ օրում ընդդիմադիր դաշտի մի քանի հայտնի ներկայացուցիչների նկատմամբ կիրառված խափանման միջոցներն ու ձերբակալությունները նոր թափ են հաղորդել քաղաքական հակասություններին։ Հասարակության մի հատվածի համար սա օրենքի գերակայության դրսևորում է, մյուսների համար՝ իշխանության և ընդդիմության միջև պայքարի հերթական սրացում։
Սոնա Գրիգորյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























