ArmLur.am-ը զրուցել է փաստաբան Ռոման Երիցյանի հետ՝ անդրադառնալով Փաշինյանի նկատմամբ մահափորձ կատարած անձանց։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների, այդ թվում՝ բազմաթիվ խուզարկությունների, շուրջ երկու տասնյակ հարցաքննությունների արդյունքում բացահայտվել է ՀՀ վարչապետի նկատմամբ սպանության նախապատրաստություն կատարած անձանցից մեկի ինքնությունը։ Այս մասին ArmLur.am-ին հայտնել էին ՔԿ-ից։
Մասնավորապես, առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականից օտարերկրյա պետությունում բնակվող Մ․ Մ․-ն առնվազն 4 անձանց հետ խմբի կազմում, ՀՀ վարչապետի քաղաքական և պետական գործունեության կատարման հետ կապված, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ձեռք են բերել միջոցներ և ստեղծել պայմաններ, մասնավորապես՝ ինքնությունը քողարկելու նպատակով ձեռք են բերել հանդերձանք և դիմակներ, ինչպես նաև ՀՀ վարչապետի գտնվելու վայրերի, քարոզարշավի երթուղիների վերաբերյալ հավաքել տեղեկություններ՝ այդ կերպ նախապատրաստելով սպանությունը, որից հետո նշված հանդերձանքով և դիմակավորված տեսաձայնագրել և տարածել են տեսաուղերձ՝ ուղղված ՀՀ վարչապետին, որի ընթացքում հնչեցրել են սպառնալիքներ։
Բացի այդ, 2026 թվականի մայիսի 16-ին անձինք որսացել են ընդհանուր օգտագործման համար չնախատեսված համացանցային կայքի համակարգում պահվող, համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ ուղիղ եթերի ժամանակ հաղորդվող տվյալը (տեսանյութը) և, տեսաուղերձը հրապարակելով, խոչընդոտել են 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրություններին նախորդող նախընտրական քարոզչությանը։
Մ․ Մ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստությունը՝ կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական գործունեության կատարման հետ), 211-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը)։
Վերջինիս վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում մի քանի դիմակավոր անձինք Արցախի բարբառով և վիրավորական բառապաշարով դիմում են Փաշինյանին։ «Նիկոլ, դու պատասխան ես տալու, մենք գիտենք՝ դու որտեղով ես ման գալիս, որ փողոցներով ես անցնում։ Մենք քեզ ջրելու ենք, Նիկոլ», ասում է նրանցից մեկը։ Ընթացքում մյուսների ձեռքին, ենթադրաբար, ինքնաձիգներ են։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ անդրադարձել է հրապարակված տեսանյութին ու կոշտ բառապաշարով հակադարձել․ «Հլը էս փսլինքներին նայի էլի։ Ուրեմն, սենց, մասկեքը հագել են, իբր իրենք ուժեղ տղերք են»։ Փաշինյանը հորդորել է նրանց ինքնակամ ներկայանալ իրավապահներին՝ հավելելով, որ հատ-հատ նրանց գտնելու է և սատկացնելու է։
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժ կատարելու և հրազենի ու ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ իրականացվում է նախաքննություն։
Պարզվել էր, որ Մ. Մ.-ն Մհեր Միրզոյանն է, որը Արցախից է և այժմ Հայաստանում չէ։ Վերջինս պնդում է, որ ինքը կապ չունի դիմակավորված անձանց հետ։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























