Armenian text to speach

Դատավորների վաղվա ժողովը թեժ է լինելու․ թեկնածուի վախը, նախկին դատավորն ու ՀԿ-ները․ ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը՝ հուլիսի 3-ին, տեղի է ունենալու Դատավորների ընդհանուր ժողովը, որի կենտրոնական հարցն է դատավորների Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի ոչ դատավոր 3 անդամի ընտրությունը։ Մինչ օրենսդրական փոփոխությունները հանձնաժողովը կազմված էր 6 դատավոր եւ 2 ոչ դատավոր անդամից, բայց քաղհասարակության պահանջով ոչ դատավոր անդամների թիվն ավելացավ երեքով: Եվ այն այսուհետ գործելու է 11 անդամի կազմով։ Փոփոխությունների նպատակն էր մեծացնել ՀԿ-ների տեղը և վերացնել դատական կորպորատիվիզմի ռիսկերը։ Ի սկզբանե թեկնածության հայտ ներկայացրել էր 8 իրավաբան։ Սակայն նախորդ շաբաթ ամենախնդրահարույց թեկնածուներից մեկը՝ նախկին դատավոր Արթուր Մկրտչյանը, հանել է իր թեկնածությունը։

Արթուր Մկրտչյանը հայտնի է եղել մի շարք աղմկահարույց գործերով: Նա կայացրել էր Հաց բերողի երկրորդ կալանքի որոշումը: Ի դեպ, ներկայում Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի վերաբերյալ դիմումը քննվում է ՄԻԵԴ-ում, եւ եթե այն բավարարվի, իսկ Արթուր Մկրտչյանը մնար թեկնածուների կազմում, ապա կստացվեր, որ մարդու իրավունքների խախտումներ կատարած դատավորը որոշում է այլ դատավորներին կարգապահական պատասխանատվության հարուցման հարցերը:

Մկրտչյանը քննել է նաեւ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եւ նրա եղբորորդու վերաբերյալ քրեական գործը, սակայն ավարտին չի հասցրել: 2018 թվականին բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ ՀՔԾ միջնորդությունը, խափանման միջոցներ է քննարկել Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ գործերով: Սակայն Արթուր Մկրտչյանի թեկնածության հետկանչը առկա կասկածներն ու մտահոգությունները չեն փարատում։ Քանի որ թեկնածուների մեջ իրական ՀԿ-ների ներկայացուցիչների թիվը դեռևս քիչ է, և ըստ ներքին խոսակցություններին, ՀԿ-ների անդամները շանս չունեն, քանի որ դատավորները նախապատվությունը այս անգամ էլ կտան իրենց հետ կապված անձանց։ Այս մտահոգությունը բացատրվում է նրանում, որ թեկնածուների մեջ են նախկին դատավորներ, օրինակ Արմինե Թումասյանը։

Վերջինս Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախկին դատավոր է եղել: Նա դատավոր է նշանակվել 2023-ին եւ հրաժարականի դիմում է ներկայացրել մոտ 1 տարի առաջ: Թումասյանի հրաժարականի վերաբերյալ ԲԴԽ օգոստոսի 4-ի որոշումից հետեւում է, որ պատճառը գերծանրաբեռնվածությունն է եղել, որին նա, փաստորեն, չի դիմացել: Մամուլում մի պահ շրջանառվեց, որ նրա դեմ կարգապահական վարույթ էր հասունանում, եւ այդ պատճառով է նա հրաժարվել դատավորի պաշտոնից: Հասկանալի չէ, թե այս պարագայում ինչպես նա պետք է գնահատի նմանատիպ ծանրաբեռնվածությամբ աշխատող դատավորներին: Թեկնածուների մեջ է նաև վճռաբեկ դատարանից աշխատակից Մելիք Մելիքյանը։ Հարց է ծագում, ինչպես է իրավաբանը մի կողմից շարունակելու աշխատել դատական համակարգում, մյուս կողմից գնահատելու դատավորների էթիկան։

Սակայն խնդիրները այսքանով չեն սահմանափակվում, թեկնածուների մեջ է նաև Արտակ Մալխասյանը, ով ոչ իրավապաշտպան դաշտում, ոչ դատական համակարգում որևէ հետագիծ չունի ։ Այս առնչությամբ էլ հարց է ծագում, ինչպես պետք է դատական համակարգի հետ որևէ կապ չունեցող անձը գնահատի դատավորներին հատկապես այն դեպքում, երբ կապվում է ոստիկանության և այլ ուժային մարմինների հետ։ Հատկանշական է, որ այս 3 թեկնածուներից և ոչ մեկը կապ չունի ոչ առաջադրած ՀԿ-ի , ոչ իրավապաշտպան գործունեության հետ։

Կրկին հարց է ծագում, արդյոք նման դասավորվածությամբ արհեստական ներկայացվածությունը ունակ է օբյեկտիվ և ազնիվ եղանակով գնահատել դատավորներին և ապահովել հանձնաժողովի անկախ գործունեությունը։ Թեկնածուների մեջ են նաև այլ ՀԿ ներկայացուցիչներ։ Մասնավորապես, առաջադրված է նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից թեկնածուն, կառույցը ավելի հայտնի է իր նախագահով, ով Արթուր Սաքունցն է։

Թեկնածուների մեջ է նաև Հասմիկ Հարությունյանը, ով ներկայացնում է Իրավունքների պաշտպանություն առանց սահահմանների ՀԿ-ն, չնայած թեկնածուն ակտիվ է ոլորտում, սակայն Հարությունյանի նախորդ երկու առաջադրումները անհաջող են եղել և Ժողովը վերջինիս թեկնածությունը մերժել է։ Թեկանծուների մեջ է նաև «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կոմիտե»-ի ներկայացուցիչ Անուշ Մկրտչյանը, ոչ կառույցը, ոչ թեկնածուն դատական համակարգում առանձնապես ակտիվ չեն եղել։

Թեկնածուների մեջ է նաև իրավաբան Լուսինե Հակոբյանը, ով ներկայացնում է Իրավունքի Եվրոպա ՀԿ-ն, վերջինս առավել ակտիվ է եղել Հայաստան-ԵՄ հարցերով և եվրոպամետ կուսակցությունների հետ իր ակտիվ գործունեությամբ։ Թե ինչ մոտիվ ունեն ՀԿ ներկայացուցիչները չենք կարող ասել, սակայն այս և մի շարք այլ կարևոր հարցեր պետք է առաջին հերթին հենց դատավորներին հետաքրքրեն։

Քնար Մանուկյան




Լրահոս