Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) տնօրենին և Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին՝ 2008 թվականի հուլիսի 3-ին ՊՈԱԿ-ի և «Ռաֆիկ և Գոռ Գասպարյաններ» ՍՊԸ-ի միջև կնքված՝ Սևանա լճի ափամերձ՝ 1215 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է ՊՈԱԿ-ի և ՍՊԸ-ի միջև կնքված կառուցապատման պայմանագիրը և վերաբերելի փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը սահմանված է եղել մինչև 2011 թվականի հուլիսի 2-ը, սակայն, ըստ Կադաստրի կոմիտեի կողմից տրված տեղեկանքի, պայմանագրից ծագող կառուցապատման իրավունքը դադարեցված չէ:
Վերոշարադրյալի հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ պայմանագրի համաձայն՝ պայմանագրով սահմանված ժամկետի ավարտից հետո, առանց սեփականատիրոջը նախօրոք ծանուցելու, հողամասի տիրապետումն ու օգտագործումը կառուցապատողի կողմից չդադարեցնելը հիմք չէ պայմանագրի նորոգման կամ ժամկետի երկարաձգման համար՝ ՊՈԱԿ-ին միջնորդագիր է հասցեագրվել՝ կառուցապատման իրավունքի պետական գրանցումը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
























































































