Armenian text to speach

Առինջում բնակարան, 14.4 մլն դրամ եկամուտ և 22.5 մլն դրամ հիփոթեքային պարտավորություն. ՔՊ-ական Սոնա Ղազարյանի ունեցվածը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ուսումնասիրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի 2019-2025 թվականների հայտարարագրերը՝ պարզելու, թե ինչպես է այդ ընթացքում փոխվել նրա գույքային և ֆինանսական վիճակը։

Սոնա Ղազարյանը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով, իսկ 2021 թվականին վերընտրվել է արդեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։

Պատգամավորը հանրային ուշադրության կենտրոնում հայտնվել է ոչ միայն քաղաքական գործունեությամբ, այլև մի շարք աղմկահարույց դրվագներով։ Մասնավորապես, մամուլում լայն արձագանք էր ստացել տեղեկությունը, որ նա իր սկեսրայրի ուսանող եղբորորդուն՝ Ռուբեն Բանուչյանին, նշանակել էր խորհրդական։ Սոցիալական ցանցերում էլ քննարկումների և մեմերի առիթ էր դարձել նրա հարցազրույցներից մեկում հնչեցրած միտքը, թե մահն ավելի վախենալու է, քան Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։

Սոնա Ղազարյանի ամուսինը՝ Դավիթ Բանուչյանը, զբաղեցնում է «Հայաստանի կինոյի հիմնադրամի» տնօրենի պաշտոնը։

2019-2020 թվականներ․ 800 եվրոյից մինչև Առինջի բնակարան

2019 թվականի հայտարարագրում Սոնա Ղազարյանը ներկայացրել էր բավական համեստ ֆինանսական միջոցներ․

  • 800 եվրո,
  • 560 հազար դրամ վարկային պարտավորություն։

Այդ տարվա հայտարարագրում անշարժ գույք չի եղել։

Սակայն 2020 թվականին նրա գույքային վիճակում էական փոփոխություն է արձանագրվել։ Հայտարարագրում առաջին անգամ հայտնվել է Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող բնակարանը, որը ձեռք է բերվել 2020 թվականի հուլիսի 24-ին՝ գնման եղանակով և գրանցվել համատեղ սեփականության իրավունքով։

Նույն տարվա վերջում նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է շուրջ 450 հազար դրամ, իսկ հայտարարագրված եկամուտը՝ 35 մլն 879 հազար 530 դրամ։

2021 թվական․ շուրջ 35.9 մլն դրամ եկամուտ

2021 թվականին Սոնա Ղազարյանը կրկին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր։Հայտարարագրում պահպանվել է նույն՝ Առինջի բնակարանը։ Տարվա սկզբին նրա բանկային հաշիվներում եղել է 1 մլն 280 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 450 հազար դրամ։

Տարվա ընդհանուր եկամուտը կազմել է 35 մլն 879 հազար 530 դրամ, որից՝

  •  7 մլն 79 հազար 530 դրամ՝ Ազգային ժողովից ստացած աշխատավարձ,
  •  1 մլն 800 հազար դրամ՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացած տոկոսային եկամուտ,
  •  27 մլն դրամ՝ «Թաուեր Փրոփերտիս» ընկերությունից ստացած փոխառություն։

Տարվա վերջի դրությամբ նրա պարտավորությունները կազմել են 17 մլն 244 հազար դրամ։

2022 թվական․ 9.6 մլն դրամ եկամուտ

2022 թվականին պատգամավորի գույքային դրությունը էական փոփոխություն չի կրել։ Հայտարարագրում պահպանվել է Առինջի բնակարանը։Նա չի հայտարարագրել տրանսպորտային միջոցներ, արժեթղթեր, ներդրումներ կամ թանկարժեք գույք։Բանկային հաշիվներում տարվա վերջում առկա է եղել 441 հազար 792 դրամ։

Տարվա եկամուտը կազմել է 9 մլն 660 հազար 241 դրամ, այդ թվում՝

  • 7 մլն 902 հազար 730 դրամ՝ Ազգային ժողովից ստացած աշխատավարձ,
  •  1 մլն 757 հազար 511 դրամ՝ այլ եկամուտներ։

2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ նրա հիփոթեքային պարտավորությունը կազմել է 14 մլն 897 հազար 357 դրամ։

2023 թվական․ եկամուտն աճել է մինչև 12.2 մլն դրամ

2023 թվականին հայտարարագրում կրկին նշվել է նույն բնակարանը։Բանկային հաշիվների մնացորդը տարեվերջին կազմել է շուրջ 2.5 մլն դրամ։

Տարվա ընդհանուր եկամուտը եղել է 12 մլն 219 հազար 799 դրամ, որից՝

  • 10 մլն 102 հազար 267 դրամ՝ Ազգային ժողովի աշխատակազմից ստացած աշխատավարձ,
  • 2 մլն 117 հազար 532 դրամ՝ այլ եկամուտներ։

Հիփոթեքային պարտքի մնացորդը տարեվերջին կազմել է 24 մլն 373 հազար 37 դրամ։

2024 թվական․ եկամուտը՝ 12.6 մլն դրամ

2024 թվականին բանկային հաշիվների մնացորդը նվազել է՝ տարվա սկզբի ավելի քան 2.5 մլն դրամից հասնելով շուրջ 226 հազար դրամի։

Տարվա եկամուտը կազմել է 12 մլն 578 հազար 552 դրամ, այդ թվում՝

  • 10 մլն 234 հազար 149 դրամ՝ Ազգային ժողովից ստացած աշխատավարձ,
  • 2 մլն 344 հազար 403 դրամ՝ եկամտային հարկի վերադարձ։

Վարկային պարտավորությունների մնացորդը կազմել է 25 մլն 580 հազար 684 դրամ։

2025 թվական․ 14.4 մլն դրամ եկամուտ և 22.5 մլն դրամ հիփոթեք

2025 թվականի սկզբում և տարեվերջին Սոնա Ղազարյանը հայտարարագրել է նույն՝ Առինջի բնակարանը։Տարվա սկզբին նրա բանկային հաշիվներում եղել է 226 հազար 181 դրամ և 423 դրամ, իսկ տարեվերջին՝

  •  2 մլն 502 հազար 422 դրամ,
  •  96 հազար 650 դրամ։

Ընդհանուր բանկային միջոցները կազմել են շուրջ 2.6 մլն դրամ։

Կանխիկ դրամ, արտարժույթ, կրիպտոակտիվներ կամ էլեկտրոնային դրամապանակներում միջոցներ նա չի հայտարարագրել։

2025 թվականի ընդհանուր եկամուտը կազմել է 14 մլն 444 հազար 815 դրամ։

2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ նրա հիփոթեքային վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 22 մլն 517 հազար 738 դրամ։ Վարկը վերցվել է բնակարանի ձեռքբերման նպատակով։

Բացի այդ, հայտարարագրում նշված է, որ ուսման կամ դասընթացների համար վճարել է 2 մլն 880 հազար դրամ։

Ամուսնու հայտարարագիրը

Դավիթ Բանուչյանը 2025 թվականին հայտարարագրել է նույն՝ Առինջի բնակարանը՝ որպես համատեղ սեփականություն։

Նա հայտարարագրել է նաև 2015 թվականի արտադրության Mazda մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2021 թվականի օգոստոսի 25-ին։

Տարվա վերջում նրա բանկային հաշիվներում եղել է 1 մլն 179 հազար 401 դրամ, իսկ կանխիկ միջոցները կազմել են 7 մլն 920 հազար դրամ։Դավիթ Բանուչյանի տարեկան եկամուտը կազմել է 7 մլն 509 հազար 897 դրամ, որը ստացել է «Հայաստանի կինոյի հիմնադրամից» որպես աշխատանքի վարձատրություն։

Նրա վարկային պարտավորությունների մնացորդը կազմել է 25 մլն 450 հազար դրամ, որից շուրջ 22 մլն դրամը բնակարանի հիփոթեքային վարկն է։

Ընտանիքի ընդհանուր եկամուտը՝ շուրջ 22 մլն դրամ

2025 թվականին Սոնա Ղազարյանի և Դավիթ Բանուչյանի հայտարարագրված ընդհանուր եկամուտը կազմել է 21 մլն 954 հազար 712 դրամ։

ArmLur.am-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պատգամավորի գույքային դրության հիմնական փոփոխությունը տեղի է ունեցել 2020 թվականին, երբ ձեռք է բերվել Առինջի բնակարանը։ Եթե 2019 թվականի հայտարարագրում Սոնա Ղազարյանի հայտարարագրված ակտիվները սահմանափակվում էին 800 եվրոյով և 560 հազար դրամ վարկային պարտավորությամբ, ապա հետագա տարիներին նրա հայտարարագրերում արդեն արտացոլվել են բնակարանը, բազմամիլիոնանոց եկամուտներն ու հիփոթեքային պարտավորությունները։

Սոնա Գրիգորյան




Լրահոս