Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը հայտարարությամբ է հանդես եկել․
«Իմ կողմից նախկինում Գագիկ Ծառուկյանի մեղադրանքը հերքող փաստաթղթերի հրապարակման շարունակություն.
Մասնավորապես, 2026 թվականի փետրվարի 14-ին «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերությունը Իրանի Իսլամական Հանրապետության իրավասու մարմիններին ներկայացրել է բողոք Արման Օլամայիի, Էրֆան Օլամայիի և Համլետ Թումանյանի դեմ՝ խարդախության, գույքն ապօրինի եղանակով կամ արտոնությունների չարաշահման միջոցով ձեռք բերելու, կեղծարարության, վստահության չարաշահման և փողերի լվացման հատկանիշներով։ Բողոքին կից ներկայացվել են այն հիմնավորող բազմաթիվ փաստաթղթեր և ապացույցներ։
Այնուհետև, 2026 թվականի մայիսի 31-ին «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերությունը Իրանի իրավասու մարմիններին ներկայացրել է ևս մեկ բողոք՝ արդեն Արման Օլամայիի, Էրֆան Օլամայիի, Համլետ Թումանյանի և Հաջիալի Օլամայի դեմ՝ խարդախության, գույքն ապօրինի եղանակով կամ արտոնությունների չարաշահման միջոցով ձեռք բերելու, կեղծարարության, վստահության չարաշահման, այլ անձի գույքի յուրացման նպատակով հանցավոր համաձայնության, փողերի լվացման, ինչպես նաև կեղծ պաշտոնական տիտղոսի ու պաշտոնի յուրացման վերաբերյալ։ Այս բողոքին նույնպես կից ներկայացվել են այն հիմնավորող մեծածավալ փաստաթղթեր և ապացույցներ։
Հատկանշական է, որ երկու բողոքներում ներկայացված ապացույցների շարքում առկա են նաև տվյալներ, որոնք վերաբերում են Գագիկ Ծառուկյանի կողմից 7.500.000 ԱՄՆ դոլար, 7.000.000 եվրո և 20.000.000 ՀՀ դրամ տրամադրելու փաստական հանգամանքներին։
Ներկայացված փաստաթղթերով ևս մեկ անգամ հիմնավորվում է պաշտպանության կողմի պնդումն առ այն, որ Գագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով:
Պաշտպանության կողմի ստորև ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքներն իրականության հետ որևէ կապ չունեն և չեն արտացոլում օբյեկտիվ իրականությունը:
Հ.Գ. Նմանատիպ կարևորագույն փաստաթղթերի հրապարակումը կլինի շարունակական»։
Փաստաթղթերը՝ հղումով․




























