Armenian text to speach

«Հայկական ժամանակ»-ի նախկին փոխտնօրենից՝ Ջրային կոմիտեի նախագահ. Փաշինյանի նախկին թիմակիցը երեք բնակարան, նվիրատվություն և միլիոնավոր վարկեր է հայտարարագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը պաշտոնը զբաղեցնում է 2025 թվականի սեպտեմբերից, սակայն նրա կենսագրությունն ու քաղաքական ճանապարհը ցույց են տալիս, որ նա գործող իշխանության համար նոր մարդ չէ։

ArmLur.am-ի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ մինչև միջազգային կառույցներում աշխատելը՝ Ղալամքարյանը 2009-2010 թվականներին եղել է «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի փոխտնօրենը։ Հենց այս ընկերությունն էր հրատարակում Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Տարիներ անց Փաշինյանի նախկին թիմակիցն ու այսօր արդեն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամը նշանակվեց երկրի ամենախնդրահարույց ոլորտներից մեկի՝ Ջրային կոմիտեի ղեկավար։

Ուսումնասիրելով պաշտոնյայի 2025 թվականի հայտարարագիրը՝ պարզ է դառնում, որ նա Երևանում ունի երեք բնակարան։ Առաջինը ձեռք է բերել 2000 թվականին, երկրորդը՝ 2022-ին, իսկ երրորդը դարձել է նրա սեփականությունը 2025 թվականի մայիսի 24-ին՝ նվիրատվության եղանակով։ Այսինքն՝ պետական բարձր պաշտոն զբաղեցնելուց ընդամենը ամիսներ առաջ նա բնակարանի նվեր է ստացել։

Շարժական գույքի ցանկում Ղալամքարյանը հայտարարագրել է նաև 2016 թվականի արտադրության «Subaru» մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2023 թվականին։

Ֆինանսական միջոցների մասով Ջրային կոմիտեի նախագահի հայտարարագիրը նույնպես հետաքրքիր պատկեր է ներկայացնում։ Տարվա սկզբին նա ունեցել է 2500 եվրո և 2892 ԱՄՆ դոլար, իսկ տարվա ավարտին դոլարային միջոցներն աճել են՝ հասնելով 5300-ի։ Բացի այդ, պաշտոնը ստանձնելու պահին հայտարարագրել է նաև 3 միլիոն դրամ կանխիկին հավասարեցված միջոցներ։

2025 թվականի ընթացքում նրա պաշտոնական եկամուտը կազմել է մոտ 3.8 միլիոն դրամ՝ բացառապես Ջրային կոմիտեից ստացած աշխատավարձի հաշվին։

Միաժամանակ, պաշտոնյան հայտարարագրել է նաև զգալի վարկային պարտավորություններ։ Պաշտոնը ստանձնելու պահին երեք վարկերի ընդհանուր մնացորդը կազմել է շուրջ 18 միլիոն դրամ, այդ թվում՝ հիփոթեքային վարկ։ Տարվա ընթացքում նա մարել է շուրջ 9.6 միլիոն դրամ, ինչի արդյունքում պարտավորությունները նվազել են մինչև 12.6 միլիոն դրամ։

Այսպիսով, Հայաստանի ջրային տնտեսության ղեկավարումը վստահվել է մի պաշտոնյայի, որը ոչ միայն երկար տարիներ աշխատել է միջազգային կառույցներում, այլև ժամանակին ղեկավար պաշտոն է զբաղեցրել Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը հրատարակող ընկերությունում և այսօր իշխող կուսակցության անդամ է։ Իսկ թե որքանով այդ անցյալն ու քաղաքական կապերը կվերածվեն արդյունավետ կառավարման մի ոլորտում, որտեղ տարիներ շարունակ կուտակվել են ոռոգման, ջրամատակարարման և ենթակառուցվածքների լրջագույն խնդիրներ, դեռևս բաց հարց է։

Սոնա Գրիգորյան




Լրահոս