Ադրբեջանական APA գործակալության գրել է, որ Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և Բուլղարիայի կառավարությունների միջև բանակցություններ են ընթանում էլեկտրաէներգիայի տեղափոխման համար ցամաքային տարանցիկ միջանցք ստեղծելու շուրջ։
Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Ինգա Փխալաձեն։
Նրա խոսքով՝ նոր նախաձեռնությունը հնարավորություն կտա շահագրգիռ ցանկացած երկրից, առաջին հերթին՝ Վրաստանի հարևան պետություններից, էլեկտրաէներգիա մատակարարել Եվրոպա՝ Վրաստանի տարածքով։
Վրաստանի փոխնախարարի խոսքով՝ նախաձեռնությունը տնտեսական տեսանկյունից կարևոր է, քանի որ տարանցիկ գործառույթից բացի, Վրաստանը հնարավորություն կունենա նաև արտահանել սեփական արտադրած էլեկտրաէներգիան։
Նրա գնահատմամբ՝ դա կնպաստի տեղական բիզնեսի աջակցությանը և Վրաստանի էներգետիկ ոլորտի զարգացմանը։
Անի Վարդանյան



























