Ազգային ժողովում կադրային նոր փոփոխություն է տեղի ունեցել։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ԱԺ Հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության պետի ԺՊ է նշանակվել Դավիթ Օհանջանյանը։
Նշանակումն ուշագրավ է հատկապես այն ֆոնին, որ նոր գումարման խորհրդարանի աշխատանքների մեկնարկից հետո ԱԺ-ում մի շարք կազմակերպչական եւ կադրային փոփոխություններ են տեղի ունենում, այդ թվում՝ հանրային հաղորդակցության ոլորտում։
Հատկանշական է, որ վերջին շրջանում ԱԺ-ի տեղեկատվական աշխատանքի վերաբերյալ մի շարք հարցեր են առաջացել։ Նոր գումարման խորհրդարանի ձեւավորումից հետո որոշ ժամանակ ԱԺ պաշտոնական կայքում ամբողջությամբ թարմացված չէին պատգամավորների լուսանկարներն ու կենսագրական տվյալները։
Նոր ղեկավարության պայմաններում Հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության առաջիկա աշխատանքներից մեկը, ըստ էության, պետք է լինի խորհրդարանի տեղեկատվական հարթակների առավել օպերատիվ եւ ամբողջական աշխատանքը։
Հատկապես կարեւոր է նաեւ լրագրողների հետ ԱԺ-ի հարաբերությունների հարցը։ Խորհրդարանը Հայաստանի քաղաքական կյանքի հիմնական հարթակներից է, իսկ լրագրողների համար տեղեկատվության հասանելիությունը, պատգամավորների հետ աշխատանքի հնարավորությունները եւ ԱԺ-ի կողմից տեղեկատվության տրամադրման արագությունը ուղղակիորեն ազդում են խորհրդարանի աշխատանքի հանրային վերահսկողության վրա։
Այս համատեքստում Դավիթ Օհանջանյանի նշանակումը կարող է դիտարկվել ոչ միայն որպես հերթական կադրային փոփոխություն, այլեւ որպես ԱԺ հաղորդակցության քաղաքականության նոր փուլի մեկնարկ։
Սոնա Գրիգորյան
























































































