Armenian text to speach

Փաշինյանի թիմը նոր կադրեր է փնտրում. ովքեր կնշանակվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է առաջիկայում մի շարք տեսչական մարմինների և կոմիտեների ղեկավարների վերանշանակել իրենց պաշտոններում։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների տեղեկություններով՝ այս որոշումները, սակայն, կարող են ունենալ ժամանակավոր բնույթ։ Բանն այն է, որ մինչև սեպտեմբերի 3-ը պետք է վերջնականապես ձևավորվի կառավարության կազմը, իսկ իշխանությունը, ըստ մեր տեղեկությունների, ժամանակի սղության առաջ է կանգնած։ Այդ պատճառով որոշ պաշտոնյաների վերանշանակմամբ փորձ է արվում ապահովել համակարգի անխափան աշխատանքը, իսկ արդեն հետագայում անցնել լայնածավալ կադրային փոփոխությունների։ Նշենք, որ օգոստոսի 10-ի մենք գրել էինք, որ Էդուարդ Հակոբյանը կվերանշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում, Եղիազար Վարդանյանը` Քաղաքաշինության կոմիտեի նախագահի, իսկ Սուրեն Թովմասյանին՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոններում: Օգոստոսի 13-ին նրանք արդեն նշանակվել են:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահին քննարկվում է նաև այն տրամաբանությունը, որ գործող ղեկավարների մի մասը կշարունակի պաշտոնավարել այնքան ժամանակ, քանի դեռ նոր կադրերի ընտրության գործընթացը չի ավարտվել։ Իսկ նոր կադրերի ընտրության հարցում իշխանությունը, կարծես, ավելի երկարաժամկետ ծրագիր ունի։ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում խոսել է պետական համակարգ երիտասարդ, արտերկրում կրթություն ստացած և միջազգային փորձ ունեցող մասնագետներ ներգրավելու անհրաժեշտության մասին։

Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ հենց այդպիսի մասնագետների ներգրավման գործընթացն էլ կարող է ժամանակ պահանջել։ Փաշինյանի հայտարարած կադրային քաղաքականության շրջանակում արդեն իրականացվում են նոր մասնագետների ներգրավման գործընթացներ, այդ թվում՝ պետական համակարգում Սփյուռքի մասնագետների ներգրավման ուղղությամբ։ Այս իրավիճակում, մեր աղբյուրների փոխանցմամբ, վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցի առաջիկա կարևոր խնդիրներից մեկը լինելու է նոր կադրերի որոնումն ու ընտրությունը։ Մակունցին Փաշինյանը պաշտոնապես ներկայացրել է օգոստոսի 3-ին՝ նշելով, որ առաջիկայում աշխատակազմին մեծ աշխատանք է սպասվում։

Այսպիսով, իշխանական համակարգում առաջիկայում կարող է ձևավորվել երկփուլ կադրային գործընթաց․ նախ՝ գործող ղեկավարների մի մասի վերանշանակում՝ կառավարությունը սահմանված ժամկետում ամբողջացնելու և համակարգի աշխատանքը չխաթարելու համար, ապա՝ նոր կադրերի ներգրավում և արդեն ավելի լայն փոփոխություններ։

ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահին հենց այս տարբերակն է քննարկվում կառավարությունում։ Իսկ թե որքան երկար կտևա «ժամանակավոր» վերանշանակումների փուլը և ովքեր կլինեն Լիլիթ Մակունցի կողմից ընտրվելիք նոր կադրերը, դեռևս վերջնականապես որոշված չէ։

Սոնա Գրիգորյան




Լրահոս