ArmLur.am-ը շարունակում է ուսումնասիրել և հանրությանը ներկայացնել Սահմանադրական դատարանի դատավորների գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը։ Այս անգամ ուսումնասիրել ենք ՍԴ դատավոր Դավիթ Խաչատուրյանի հայտարարագրերը ։
Ո՞վ է Դավիթ Խաչատուրյանը
Դավիթ Խաչատուրյանը 1997 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, նույն թվականին ընդունվել է ասպիրանտուրա, իսկ 2000 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ դատավորների անկախության թեմայով։
2000-2005 թվականներին աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանում և Դատարանների նախագահների խորհրդում։ 2003-2006 թվականներին ղեկավարել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի կողմից իրականացվող տարածաշրջանային ծրագրի՝ Հայաստանում իրավական օժանդակության ուղղությունը։
2006-2013 թվականներին աշխատել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը և ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտում։ Հետագայում եղել է ՀՀ արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր և դասախոս, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի և ԵՄ տարբեր ծրագրերի փորձագետ։
2016-2021 թվականներին եղել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ։ 2021 թվականի հունվարի 22-ին Ազգային ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ։
2023 թվականի հոկտեմբերի 30-ին նշանակվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, իսկ 2024 թվականի մայիսի 21-ին Ազգային ժողովի կողմից ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր։ Պաշտոնը ստանձնել է 2024 թվականի մայիսի 22-ին։
ԲԴԽ անդամ եղած ժամանակ՝ երկու անշարժ գույք և 2004 թվականի Lexus
2021 թվականի հայտարարագրի համաձայն՝ Դավիթ Խաչատուրյանը տարվա սկզբում ունեցել է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող անհատական բնակելի տուն՝ հողամասով և տնտեսական շինություններով։ Տունը նրա միանձնյա սեփականությունն է և ձեռք է բերվել 2010 թվականի հուլիսի 19-ին։
Սակայն հենց 2021 թվականին նրա ունեցվածքում ավելացել է ևս մեկ անշարժ գույք։ Դեկտեմբերի 1-ին նա Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ձեռք է բերել բնակարան՝ 22 մլն 685 հազար 760 դրամ հայտարարագրված արժեքով։ Այսպիսով, 2021 թվականի վերջում ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանն արդեն հայտարարագրել էր երկու անշարժ գույք՝ բնակելի տուն և բնակարան։
Տրանսպորտային միջոցներից նա ունեցել է 2004 թվականի արտադրության Lexus մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք էր բերել 2014 թվականի ապրիլի 20-ին։ 2021 թվականին մեքենայի փոփոխություն չի եղել։
2021 թվականին Խաչատուրյանի հայտարարագրված եկամուտը կազմել է 9 մլն 762 հազար 762 դրամ։ Ամբողջ գումարը աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված վճարումներ են, իսկ եկամուտ վճարողը Դատական դեպարտամենտն է։
Տարվա սկզբում նրա երեք բանկային հաշիվներում եղել է 1 մլն 393 հազար 614 դրամ, 19 հազար 29 եվրո և 117 հազար 800 դրամ։ Տարեվերջին այդ գումարները համապատասխանաբար կազմել են 293 հազար 600 դրամ, 15 հազար 17 եվրո և 721 հազար 418 դրամ։
2021 թվականի վերջում Խաչատուրյանն ունեցել է նաև 19 մլն 600 հազար դրամի վարկային պարտավորություն, որը կապված է ձեռք բերած բնակարանի հետ։
Բացի այդ, հայտարարագրում նշված է 2 մլն 50 հազար դրամի մեկանգամյա ծախս։
ՍԴ դատավոր դառնալուց հետո՝ նոր մեքենա և ավելի քան 18.5 մլն դրամ եկամուտ
Արդեն Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում՝ 2025 թվականի հայտարարագրի համաձայն, Դավիթ Խաչատուրյանի անշարժ գույքի պատկերը պահպանվել է․ նա ունեցել է նույն երկու անշարժ գույքը՝ Երևանում գտնվող անհատական բնակելի տունը և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող բնակարանը։
2025 թվականին նոր անշարժ գույք չի ձեռք բերել և որևէ գույք չի օտարել։
Փոխվել է, սակայն, նրա տրանսպորտային միջոցների կազմը։ 2025 թվականի հունիսի 20-ին նա 6 մլն 890 հազար դրամով ձեռք է բերել 2024 թվականի արտադրության BYD մակնիշի մարդատար ավտոմեքենա։ Միաժամանակ նրա սեփականության տակ մնացել է 2004 թվականի Lexus-ը։
Այսինքն՝ ՍԴ դատավոր դառնալուց հետո Խաչատուրյանի հայտարարագրում արդեն երկու ավտոմեքենա է առկա։
Բանկային հաշիվներին՝ տարբեր արժույթներով գումարներ, նաև 3 մլն դրամ կանխիկ
2025 թվականի սկզբում Դավիթ Խաչատուրյանի տարբեր բանկային հաշիվներում առկա են եղել 125 հազար 600 դրամ, 10 հազար 791 եվրո, 3 հազար 85 դրամ և 1 հազար 154 դրամ։
Տարվա վերջում այդ հաշիվների մնացորդները կազմել են համապատասխանաբար 100 հազար 597 դրամ, 3 հազար 731.46 եվրո, 85 հազար 468.12 դրամ և 5 հազար 1.6 դրամ։
Մեկ այլ բանկային հաշվին տարվա սկզբում գումար չի եղել, իսկ տարեվերջին առկա է եղել 1 մլն 479 հազար 144 դրամ։
Բացի բանկային միջոցներից՝ 2025 թվականի վերջում դատավորը հայտարարագրել է 3 մլն դրամ կանխիկ գումար, մինչդեռ տարվա սկզբում կանխիկ գումարը կազմել էր 1 մլն դրամ։
Եկամուտը՝ 18.5 մլն դրամ, վարկերը՝ ավելի քան 24.5 մլն դրամ
2025 թվականին Սահմանադրական դատարանի դատավոր Դավիթ Խաչատուրյանը աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների տեսքով ստացել է 18 մլն 590 հազար 809 դրամ։
Միաժամանակ տարվա վերջում նրա երկու վարկային պարտավորությունների մայր գումարի մնացորդը միասին կազմել է 24 մլն 531 հազար 982.9 դրամ։ Դրանցից մեկի մնացորդը եղել է 6 մլն 371 հազար 156.7 դրամ, մյուսինը՝ 18 մլն 160 հազար 826.2 դրամ։ Երկրորդ վարկի շրջանակում որպես հիփոթեքի առարկա նշված է բնակարան բազմաբնակարան շենքում։
Ի՞նչ է փոխվել տարիների ընթացքում
Դավիթ Խաչատուրյանի 2021 և 2025 թվականների հայտարարագրերի համադրությունից պարզ է դառնում, որ նրա անշարժ գույքի մասով էական փոփոխություն չի արձանագրվել․ երկու ժամանակահատվածներում էլ հայտարարագրված են նույն բնակելի տունն ու բնակարանը։
Փոխվել է ավտոմեքենաների կազմը․ 2021 թվականին նա հայտարարագրել էր միայն 2004 թվականի Lexus, իսկ 2025-ին այդ մեքենային ավելացել է 2024 թվականի BYD-ը՝ 6 մլն 890 հազար դրամ արժեքով։
Միաժամանակ աճել է նաև պաշտոնական եկամուտը․ 2021 թվականին այն կազմել էր 9.76 մլն դրամ, իսկ 2025 թվականին՝ արդեն 18.59 մլն դրամ։
Սոնա Գրիգորյան




























