Armenian text to speach

ՖՈՏՈ․ Փարիզում բողոքի ակցիա է անցկացվել՝ ի պաշտպանություն Բաքվում պահվող 11 հայ գերիների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 2-ին Փարիզի քաղաքապետարանի աստիճանների մոտ տեղի է ունեցել հանրահավաք՝ ի աջակցություն Ադրբեջանում պահվող 11 հայ գերիների։ Միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև ֆրանսիական քաղաքական և մշակութային շրջանակների մի շարք հայտնի գործիչներ։

Հանրահավաքը կազմակերպել են Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի՝ CCAF-ի ներկայացուցիչներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը։ Մասնակիցները պահանջել են անհապաղ ազատ արձակել Բաքվում պահվող Արցախի 11 ներկայացուցիչներին։

Նշվում է, որ նրանց ազատ արձակման պահանջին աջակցություն են հայտնել Եվրոպական խորհրդարանի, Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի, ինչպես նաև ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչներ։

 

Միևնույն ժամանակ, միջոցառման օրը՝ առավոտյան, հայտնի է դարձել, որ Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչները չեն մասնակցելու նախատեսված միջոցառմանը։ Ըստ հրապարակման՝ քաղաքապետարանի ներկայացուցիչները ստիպված են եղել հրաժարվել մասնակցությունից՝ ստացված սպառնալիքների պատճառով։

Դրանից առաջ Ադրբեջանի դեսպան Ֆրանսիայում Լեյլա Աբդուլլաևան սոցիալական ցանցում հրապարակմամբ դիմել է Փարիզի քաղաքապետ Էմանուել Գրեգուարին՝ պնդելով, որ Բաքվի ռազմական դատարանի կողմից դատապարտված անձինք, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարները, մեղավոր են ճանաչվել պատերազմական և մարդկության դեմ հանցագործությունների համար։

Ի պատասխան՝ Փարիզի քաղաքապետը նշել է, որ հայերի և ադրբեջանցիների միջև խաղաղությունը չի կարող կառուցվել պատմության վերաշարադրման կամ այն մարդկանց ջնջման միջոցով, որոնք այդ պատմության մասնակիցն են եղել։

Նա նաև ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայությունը չի սկսվել 1988 թվականին կամ ԽՍՀՄ փլուզումից հետո, այլ ունի դարերի պատմություն, ինչի վկայությունն են հայկական կրոնական և մշակութային հուշարձանները։

 

Փարիզի քաղաքապետը առանձնացրել է նաև 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից հայկական բնակչության գրեթե ամբողջական հեռացման փաստը։ Նրա խոսքով՝ տասնամյակների պատերազմից հետո հաշտեցումը չի կարող կառուցվել վիճահարույց դատավարությունների և նախկին հակառակորդի ներկայացուցիչների շարունակական կալանքի պայմաններում։

«Հաշտեցման առաջին քայլերից մեկը նրանց ազատ արձակումն է»,- նշել է Փարիզի քաղաքապետը։

Անի Վարդանյան




Լրահոս