Հեղուկ գազի գինը թռչում է, իշխանությունը՝ ձեռքերը լվանում․ ո՞վ է թալանում վարորդի գրպանը
Հայաստանում հեղուկ գազի շուկայում ստեղծված իրավիճակը գնալով ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս։ Գազի գինը վերջին ամիսներին կտրուկ տատանվել է՝ հասնելով անգամ 260-300 դրամի, իսկ այսօր, ըստ ArmLur.am-ի տեղեկությունների, մեկ լիտրի գինը մոտ 240 դրամ է։
Թվերը, սակայն, այս պատմության միայն մի մասն են։ Ավելի ուշագրավ է այն, թե ինչպես են պետական կառույցները փորձում բացատրել թանկացումը և, ամենակարևորը, ով է իրականում պատասխանատու շուկայում ստեղծված իրավիճակի համար։
Հիշեցնենք՝ դեռ մայիսին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հեղուկ գազի թանկացումը պայմանավորել էր Լարսի փակ լինելու և դրա հետևանքով առաջացած լոգիստիկ խնդիրների հետ։ Այսինքն՝ իշխանության ներկայացրած հիմնական պատճառը արտաքին էր՝ ճանաՖրհների և մատակարարումների հետ կապված։
Սակայն այստեղ մի քանի հարց է առաջանում։
Եթե գնի կտրուկ բարձրացման պատճառը Լարսի փակ լինելն էր, ապա ինչո՞ւ պետությունը չուներ այլընտրանքային մատակարարման մեխանիզմներ։ Եվ եթե այսօր մատակարարումների աշխարհագրությունն ու աղբյուրները փոխվում են, ինչո՞ւ վերջնական գինը շարունակում է մնալ բարձր։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ հեղուկ գազի շուկայում վերջին շրջանում փոխվել է նաև մատակարարումների կառուցվածքը․ Իրանի ուղղությունն ավելի մեծ դեր է ստացել, մինչդեռ ռուսական ուղղությունից մատակարարումների ծավալները նվազել են, իսկ այս տարի Ռուսաստանից համապատասխան մատակարարումներ չեն իրականացվել։
Ստացվում է՝ շուկան վերադասավորվում է, սակայն դրա ազդեցությունը սպառողի գրպանի վրա դրական առումով չի զգացվում։
Ավելին՝ այս պատմության ամենահետաքրքիր դրվագը վերաբերում է հենց պետական վերահսկողությանը։
Երբ փորձ է արվում հասկանալ՝ արդյոք շուկայում ուսումնասիրություն իրականացվո՞ւմ է, արդյոք գների ձևավորման մեջ կա՞ն մրցակցային խնդիրներ, պատասխանը, մեղմ ասած, տարակուսելի է։
ArmLur.am-ը փորձել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի մամուլի քարտուղար Անի Սմբատյանից պարզել, թե ինչ իրավիճակ է շուկայի ուսումնասիրության արդյունքները: Վերջինս հայտարարեց, թե ներկայումս հանձնաժողովը հեղուկ գազի հետ կապված հարցերով չի զբաղվում։
Այսինքն՝ իրավիճակը հետևյալն է․
Սա արդեն ոչ միայն տնտեսական, այլև կառավարման հարց է։
Ո՞վ պետք է ուսումնասիրի՝ արդյոք ներմուծման գինը համարժեք է վերջնական վաճառքի գնին։ Ո՞վ պետք է պարզի, թե ինչ ծախսերի հաշվին է մեկ լիտրի գինը հասնում 240-300 դրամի։ Ո՞վ պետք է վերահսկի, որ արտաքին գործոնները չդառնան շուկայում անհիմն թանկացումների արդարացում։
Եվ ամենակարևորը՝ եթե պետական մարմինները նախապես գիտեն, որ ձմռան ամիսներին հեղուկ գազի գինը պարբերաբար բարձրանում է, ինչո՞ւ այդպես էլ չի ստեղծվել կանխարգելիչ որևէ արդյունավետ մեխանիզմ։
Այստեղ իշխանության համար ամենահարմար տարբերակը, կարծես, պատասխանատվությունը տարբեր ուղղություններով բաժանելն է։ Երբ գինը բարձրանում է՝ պատճառը միջազգային շուկան է, Լարսը, լոգիստիկան կամ մատակարարումները։ Բայց երբ հարց է տրվում՝ կոնկրետ ո՞վ է վերահսկում շուկան և ո՞վ է պատասխանատու, պատասխանը չկա։
Հեղուկ գազի շուկայի շուրջ ստեղծված իրավիճակը նաև ցույց է տալիս, թե որքան խոցելի է Հայաստանի տնտեսությունը մատակարարման մեկ ուղղության կամ լոգիստիկ խնդիրների նկատմամբ։ Եթե մեկ ճանապարհի փակվելը կարող է շուկայում այսպիսի գնային ցնցում առաջացնել, ապա հարց է՝ ի՞նչ է արել կառավարությունը նման ռիսկերը կառավարելու համար։
Ի վերջո, իշխանությունը չի կարող ամեն անգամ ասել՝ «արտաքին գործոն էր» և դրանով փակել թեման։ Պետության գործառույթներից մեկը հենց այդ արտաքին ռիսկերի ազդեցությունը մեղմելն է։
Ուստի հեղուկ գազի շուրջ այսօր պետք է հնչի ոչ թե հերթական արդարացումը, այլ պարզ պատասխանների շարք։
- Ո՞վ է ներմուծում։
- Ի՞նչ գնով է ներմուծում։
- Որքա՞ն է կազմում ճանապարհային և այլ ծախսը։
- Ի՞նչ գնով է գազը վաճառվում վերջնական սպառողին։
- Որքա՞ն է վաճառողների մարժան։
- Եվ ո՞վ է վերահսկում, որ շուկայում սպառողի հաշվին գերշահույթ չձևավորվի։
Մինչ այդ հարցերը կմնան անպատասխան, 240 դրամանոց հեղուկ գազը պարզապես գին չի լինի։ Այն կլինի հերթական ցուցիչը, որ Հայաստանում շուկայում թանկացումների ժամանակ պատասխանատուները շատ են, բայց պատասխանատու չկա։
Սոնա Գրիգորյան




























