Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Միջազգային տիեզերական գագաթնաժողովին:
Բարձրաստիճան հյուրերի դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել գագաթնաժողովի բացման արարողությունը, որի ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Միջոցառմանը մասնակցել են նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Հունաստանի վարչապետ Կիրիկոս Միցոտակիսը, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։




Հաջորդիվ՝ վարչապետ Փաշինյանը մասնակցել է «Տիեզերական ենթակառուցվածքների ապագայի տեսլականները» խորագրով պանելային քննարկմանը, որի ընթացքում հանդես է եկել ելույթով։
«Մեծարգո՛ նախագահ,
Գերազանցություններ,
Հարգելի հյուրեր,
Սկզբում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի կառավարությանը և անձամբ նախագահ Մակրոնին՝ ջերմ ընդունելության և այս կարևոր Միջազգային տիեզերական գագաթնաժողովը կազմակերպելու համար:
Տիկնայք և պարոնայք,
Հայաստանը թևակոխել է իր ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ։
2022 թվականին Հայաստանն արձակեց իր առաջին արբանյակը՝ ARMSAT-1-ը, որը մշակվել էր եվրոպական տեխնոլոգիաներով և ուղեծիր էր դուրս բերվել SpaceX-ի կողմից։ Ընդամենը մեկ տարի անց մենք հասանք ևս մեկ հանգրվանի՝ HAYASAT-1-ին, որը հայ մասնագետների կողմից ամբողջությամբ հավաքված և փորձարկված առաջին հայկական արբանյակն է։
2026-2031 թվականների Հայաստանի կառավարության ծրագիրն ազգային տիեզերական կարողությունների զարգացումը սահմանում է որպես առանձին ռազմավարական նպատակ։ Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն երեք արբանյակ՝ երկուսը Երկրի դիտարկման և մեկը՝ հեռահաղորդակցության համար, միաժամանակ զարգացնելով սեփական գետնային ենթակառուցվածքներ և ներքին կարողություններ արբանյակային կառավարման, տվյալների ընդունման, մշակման և վերլուծության համար։ Մենք նաև նախատեսում ենք ստեղծել գետնային կայանների բաշխված ցանց, որը կարող է սպասարկել ոչ միայն Հայաստանի ազգային կարիքները, այլև աջակցել միջազգային տիեզերական առաքելություններին և արբանյակային տվյալների ու ծառայությունների աճող պահանջարկին։
Առաջ նայելով՝ Հայաստանը նպատակ ունի ավելի ակտիվորեն մասնակցել միջազգային տիեզերական ծրագրերին՝ հնարավորություն տալով հայ ինժեներներին և ընկերություններին ներդրում ունենալ տիեզերական հետազոտությունների համար նախատեսված բարդ համակարգերի և սարքավորումների նախագծման, ճարտարագիտության և արտադրության մեջ։
Միևնույն ժամանակ, ՀՀ գիտական ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը, ի թիվս այլոց, տիեզերական և ավիատիեզերական տեխնոլոգիաները սահմանում է որպես ռազմավարական առաջնահերթություն։ Սա ներառում է Երկրի դիտարկումը, արբանյակային կապը, տիեզերական իրավիճակային իրազեկությունը, նավիգացիոն տեխնոլոգիաները և այլ զարգացող ոլորտներ։
Հայաստանը նաև գիտակցում է տիեզերքի և արհեստական բանականության միջև աճող ընդհանրությունը։ Այս համատեքստում, մենք մշակում ենք «Արհեստական բանականության գործարանների այգու» ավելի լայն ազգային հայեցակարգ, որը նպատակ ունի ստեղծել առաջադեմ հաշվարկների և արհեստական բանականության հնարավորությունների էկոհամակարգ՝ աջակցելու հետազոտություններին, նորարարություններին և տեխնոլոգիական զարգացմանը տարբեր ոլորտներում։ Այս առումով, ուրախ եմ տեղեկացնել, որ վերջերս Հայաստանում բացվել է NVIDIA-ի հետ համագործակցությամբ մշակված Firebird արհեստական բանականության գործարանը։
Ակադեմիական քաղաքը, որը Հայաստանն այժմ զարգացնում է որպես նոր ակադեմիական և հետազոտական էկոհամակարգ, կլինի այս վերափոխման մեկ այլ կարևոր բաղադրիչ։ Համալսարաններին, հետազոտական հաստատություններին, ուսանողներին, հետազոտողներին, միջազգային գործընկերներին և մասնավոր հատվածին միավորելով՝ մենք մտադիր ենք ստեղծել ավելի ամուր կապեր կրթության, գիտության և արդյունաբերության միջև և ապահովել միջավայր առաջադեմ հետազոտությունների և տեխնոլոգիական զարգացման համար։
Գերազանցություններ,
Մենք կարծում ենք, որ համաշխարհային տիեզերական տնտեսության ընդլայնումը պետք է ուղեկցվի դրա առավելություններին ավելի լայն հասանելիությամբ։ Զարգացող տիեզերական կարողություններ ունեցող երկրները պետք է հնարավորություն ունենան մասնակցելու ոչ միայն որպես տեխնոլոգիաների և տվյալների օգտագործողներ, այլև ավելի ու ավելի շատ որպես հետազոտությունների, նորարարության և տեխնոլոգիական զարգացմանը նպաստողներ։
Ամփոփելով՝ կցանկանայի վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ ներդնել գիտության և մարդկային կապիտալի մեջ, ինչպես նաև ամրապնդել միջազգային գործընկերությունները, որպեսզի տիեզերական գիտությունը, տեխնոլոգիաները և տվյալները նպաստեն կայուն զարգացմանը և մարդկության համար ավելի լավ ապագայի կերտմանը։
Շնորհակալություն»։




























