Անի Վարդանյան
Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում։ Այս մասին «Վեստի»-ի լրագրող Մարինա Գրոմովային տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նա նշել է, որ Ռուսաստանը Հայաստանը շարունակում է տեսնել որպես ԵԱՏՄ անդամ։
«Մենք, անշուշտ, ձգտում ենք դրան և Հայաստանը տեսնում ենք Եվրասիական տնտեսական միության անդամ։ Այն մի փոքր ավելի քան 10 տարիների ընթացքում, ինչ Հայաստանը միության անդամ է, երկրի ՀՆԱ-ն գրեթե երեք անգամ աճել է։ Մեկ շնչին բաժին ընկնող եկամուտներն ու ՀՆԱ-ն, համապատասխանաբար, նույնպես երեք անգամ աճել են»,- ասել է Օվերչուկը։
Նրա խոսքով՝ 2024 թվականին Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև առևտրաշրջանառությունը հասել է 12.4 մլրդ դոլարի, այն դեպքում, երբ այդ ժամանակ Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է մոտ 26-27 մլրդ դոլար։
«Մենք, իհարկե, շատ հույս ունենք, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների հետ»,- նշել է ՌԴ փոխվարչապետը։


