Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14:50-ի սահմաններում 64-ամյա Գագիկ Հ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ, բախվել հողաթմբին և գլխիվայր շրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բաբայանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Սերգեյ Զաքարյանի, վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Մհեր Մկրտչյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկները։ Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է պահպանվող հատուկ տարածք։ Վարորդի մարմինը դուրս բերելու համար այդ պահին քննիչներն ու բժիշկները սպասում են, որպեսզի ժամանեն ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության փրկարարները։




























