Armenian text to speach

Սիգի ձկնկիթի արտահանումը կարող է արգելվել․ Կառավարությունը քննարկելու է վեցամսյա սահմանափակման հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արձանագրեց ArmLur.am-ը նոյեմբերի 12-ին կայանալիք կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք սահմանելու հարցը։ Նախագիծը զեկուցելու է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

Կառավարությանը ներկայացված նախագծով առաջարկվում է 2027 թվականի հունվարի 2-ից վեց ամիս ժամկետով արգելել Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանումը։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ սահմանափակման անհրաժեշտությունը պայմանավորված է Սևանա լճում սիգի պաշարների պահպանության, բնական վերարտադրության ապահովման և կենսաբազմազանության պաշտպանության խնդիրներով։ Թեև վերջին տարիներին սիգի կենսազանգվածի աճ է արձանագրվել, այն դեռևս բավարար չէ լճում ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակն ապահովելու համար։

Հիմնավորման մեջ ներկայացված տվյալների համաձայն՝ Սևանա լճում սիգի կենսազանգվածը 2019 թվականին կազմել է 2668 տոննա, 2020-ին՝ 2345 տոննա, 2021-ին՝ 5348 տոննա, 2022-ին՝ 4700 տոննա, 2023-ին՝ 3974 տոննա, 2024-ին՝ 1293 տոննա, իսկ 2025-ին՝ 3591.8 տոննա։

Միաժամանակ նշվում է, որ 2025 թվականին սիգի արդյունագործական որսի չափաքանակը կազմել է 1123 տոննա՝ 2024 թվականի 679 տոննայի դիմաց։

Նախագծի հիմնավորման մեջ անդրադարձ է կատարվում նաև 2025-2026 թվականների ձվադրման գործընթացին։ 2025 թվականի դեկտեմբերի 18-ի դրությամբ ձվադրումը դեռ չէր սկսվել։ 2026 թվականի հունվարի 9-ին ձվադրմանը պատրաստ և արդեն ձվադրված սիգերի քանակը կազմել է էգերի ընդհանուր թվի 20.7 տոկոսը, հունվարի 24-ին՝ 66.7 տոկոսը, իսկ փետրվարի 6-ին՝ 81.3 տոկոսը։

Նախագծով նախատեսվում է արգելքը կիրառել Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող սաղմոնազգիներին պատկանող սիգի ձկնկիթի արտահանման նկատմամբ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ համապատասխան ծածկագրերով։

Կառավարության հիմնավորման համաձայն՝ սահմանափակման նպատակը միջազգային շուկայում բարձր արժեք ունեցող սիգի ձկնկիթի արտահանման հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելն է, ինչպես նաև սիգի բնական վերարտադրությունն ու պաշարների կայուն օգտագործումն ապահովելը։

Նախագծի ընդունումը, ըստ հիմնավորման, պետական և համայնքային բյուջեների վրա էական ազդեցություն չի ունենա։

 

Անի Վարդանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս