Ամերիկացի պաշտոնյան Kan News հեռուստաալիքին հայտնել է, որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) նախազգուշացրել է Իսրայելի զինված ուժերին՝ պատրաստ լինել մոտ ապագայում Իրանի դեմ լայնածավալ պատերազմի հնարավոր վերսկսմանը։
Աղբյուրը իսրայելցի լրագրողին հայտնել է, որ վերջին օրերին CENTCOM-ի կողմից նմանատիպ նախազգուշացումներ են ստացել նաև տարածաշրջանում ԱՄՆ-ի մյուս դաշնակիցները՝ ռազմական կապի ուղիներով։ Եվ դա տեղի է ունեցել հենց այն ժամանակ, երբ նախագահ Թրամփը հայտարարում էր, թե «որևէ պատճառ չի տեսնում» Իրանի հետ պատերազմի սրման համար։
Այսօր Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիրն իրեն նույնպես «պետք չէ»։ Նա փոխնախագահ Ջեյ Դի Վենսին հանձնարարել է զբաղվել ավելի հրատապ հարցերով՝ բացահայտել կոռուպցիան այն քաղաքներում և նահանգներում, որոնք գտնվում են դեմոկրատների կառավարման ներքո։
Ynet-ի թղթակից Իտամար Էյխները, հղում անելով քաղաքական շրջանակների իր աղբյուրներին, հայտնում է, որ Երուսաղեմում առայժմ չեն բացառում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների շարունակությունը՝ չնայած Թրամփի հայտարարություններին և այն հանգամանքին, որ Իրանը ոչ մի հարցում ընդառաջ չի գնում Վաշինգտոնին։
ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքում պահպանում է հզոր ռազմական խմբավորում, ուստի տեխնիկապես կարող է ցանկացած պահի վերսկսել Իրանի ուղղությամբ հարվածները։ Երրորդ ավիակիր հարվածային խումբը, ի լրումն արդեն մարտական հերթապահություն իրականացնող երկու խմբերի, տարածաշրջան պետք է ժամանի հաջորդ շաբաթ։
Առանց պատերազմի առավելագույն մարտական պատրաստվածության անվերջ պահպանումը չափազանց թանկ հաճույք է։ Սակայն Թրամփի խոսքերից կարելի է եզրակացնել, որ նա հակված է հենց այս տարբերակին՝ ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն, այլ Իրանի նկատմամբ ծովային և ցամաքային շրջափակման անժամկետ խստացում։




























